«Մի կին սուպերմարկետում ուզում էր երշիկ գներ, հետո գրպանի պարունակությունը հանեց, նայեց, խեղճացած գնաց». Թանկացումները սկսվել են
«Դեռևս դեկտեմբեր ամսից սկսվել են չարդարացված թանկացումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Ըստ նրա՝ պետությունը պետք է նախօրոք շուկաները ուսումնասիրի ու քայլեր ձեռնարկի գնաճը զսպելու համար. «Տեղական մի շարք ապրանքներ են թանկացել, չեմ կարծում՝ դա համաշխարհային գների փոփոխության հետ է կապված: Հարցի լուծումը պետք է հստակ լինի, այս փոքր պետությունն ունի մեծ էկոնոմիկայի նախարարություն, նա այնպիսի գործունեություն պետք է ծավալի, որ այդ գների տատանումները բնակչության վրա չազդեն: Դա ծաղր է բնակչությանը, թե կարտոֆիլ ուտողը, մեկ է, միս չի ուտում: Նա, ով միս ուտում է, թող հիշի աստվածաշնչյան սաղմոսներից, որ ինքն էլ կարող է ժամանակին կարտոֆիլ էլ չունենա ուտելու: Ինչպես նաև ավելի բարձր պաշտոնյաներ՝ ի դեմս վարչապետի, ասում են՝ 10 դրամ, 100 դրամ, դա այդպես թեթև են ներկայացնում, բայց նրանք դա ասում են՝ իրենց ապրելակերպից ելնելով: 10 կամ 100 դրամն իրենց համար հեչ բան է, բայց բնակչության համար շատ մեծ բան է»:
Ռ. Հայթյանը նշեց, որ իրենք շփվում են սպառողների հետ և տեսնում են, թե խանութներում ինչքան մարդիկ չեն կարողանում գնումներ կատարել. «Ես երեկ զարմացա, ցավացի, որ մի կին սուպերմարկետում ուզում էր երշիկ գնել, հետո գրպանի պարունակությունը հանեց, նայեց, խեղճացած գնաց: Նման բաներ կան, որ մարդիկ չեն համարձակվում գնումներ կատարել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: