Բաժիններ՝

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է «Կամորա» մաֆիայի 45 անդամների

Իտալիայի ոստիկանությունը կատարել է նեապոլյան «Կամորա» մաֆիայի 45 անդամների ձերբակալություններ: Ինչպես հունվարի 23-ին հայտնել է ANSA գործակալությունը, խոսքը վերաբերում է Մոչչայի կլանին, որը մի շարք քաղաքներ է վերահսկում Կամպանիայի եւ Լացիոյի մարզերում։

Կալանվորվածների թվում են կլանի պարագլուխ Լուիջի Մոչչան, ինչպես նաեւ մի քանի կանայք, որոնք մտնում են խմբավորման ղեկավարության մեջ:

Ձերբակալվածներին առաջադրվում են անօրինականորեն զենք պահելու, շորթումների, փողերի լվացման մեղադրանքներ: Բացի դրանից, հետաքննության ընթացքում քննիչներին հաջողվել է բացահայտել արտաքին աշխարհի հետ մաֆիայի՝ բանտում գտնվող պարագլուխների հաղորդակցման ուղիները, ինչը նրանց թույլ է տվել շարունակել կառավարել կլանը:

«Կամորան» համարվում է բոլոր իտալական մաֆիաներից ամենադաժանը: Այն առանձնապես լայն համբավ ձեռք բերեց հրապարակախոս Ռոբերտո Սավիանոյի «Գոմոռա» սենսացիոն գրքից հետո, որտեղ հեղինակը պատմել է, որ «կամորականները» վերահսկում են թափոնների, այդ թվում՝ թունավոր թափոնների օգտահանումը: Տարիներ շարունակ թափոնները թաղվում են գետնի տակ, ինչը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս