«Արմեն Սարգսյանի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում հնարավոր լավագույն առաջադրումներից մեկն էր». Գառնիկ Իսագուլյան
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը չի կասկածում, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում՝ լավագույնս կիրականացնի ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով իր վրա դրված լիազորությունները:
«Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում հնարավոր լավագույն առաջադրումներից մեկն էր, որ կարելի էր այս պահին կատարել՝ հաշվի առնելով Արմեն Սարգսյանի անձն ու նրա անցած ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Իսագուլյանը Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն է առաջարկել ՀՀ նախագահի պաշտոնում: Գ. Իսագուլյանը նշեց, որ ինքն Արմեն Սարգսյանին անձնապես ճանաչում է 1977 թվականից. «Երբ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող էի, հանդիպումների ու զրույցների առիթներ եղել են, իսկ երբ Հայաստանի անկախությունից հետո Ա. Սարգսյանն անցավ դիվանագիտական աշխատանքի, վստահ եմ, բոլորն են հետևել նրա գործունեությանը, ու չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է այն անվանել անարդյունավետ:
Մարդկանց հետ անկաշկանդ աշխատելու նրա ունակությունն ու անհրաժեշտ նոր կապերի ձևավորման հմտություններն առավել դյուրին են դարձնում բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք առաջադրվում են նրան: Չեմ կասկածում, որ Ա. Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում լավագույնս կիրականացնի ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով իր վրա դրված լիազորությունները: Հենց այս ամենով է պայմանավորված ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու շարժառիթը»: