«Արմեն Սարգսյանը թաղված չի եղել հայաստանյան վերջին 20 տարվա էլիտայի տարբեր ինտրիգների մեջ». Աղվան Վարդանյան

«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակների առումով։ Չգիտեմ՝ մեզ համար առավելությո՞ւն է, թե՞ թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Անկուսակցական լինելը, որը հաճախ է շեշտվում, ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի մի բան է, որ կարող է խանգարել նախագահ լինելուն ընդհանրապես, եթե ինքը դադարեցնում է կուսակցական գործունեությունը։ Մի տեսակ տպավորություն չստեղծվի, որ կուսակցական լինելը վատ բան է։ Ընդհակառակը»,- այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ առաջադրումից ճիշտ 1 ամիս առաջ ՀՀԿ-ն ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին։

Ըստ նրա՝ շատ խոսվեց, թե ինչպես կարող է քաղաքականությամբ զբաղված չլինել, սակայն դա չի նշանակում՝ քաղաքական հարցերին տեղյակ չլինել, և այդ առումով ևս պրոֆեսիոնալ չլինել։

«ՀՀ պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ են նշմարվում, մարդկանց ներկայություն, որոնք իսկապես տարբերվում են իրենց բազմաթիվ հատկանիշներով, ինչ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում եղել է»,- ասաց Ա.Վարդանյանը։
Նա նշեց, որ Արմեն Սարգսյանի հետ անպաշտոն հանդիպում ՀՅԴ-ն ունեցել է այս ընթացքում, բայց կլինի նաև պաշտոնական հանդիպում, կքննարկեն խնդիրները և կեզրակացնեն։

Եթե Ա.Սարգսյանը ՀՀԿ-ի առաջարկը չընդունի, Ա.Վարդանյանի խոսքով, հանրության մեջ տարբեր անուններ են շրջանառվել. «Ես վստահ եմ՝ կան հայության մեջ մարդիկ, որ կարող են այդ գործառույթը լիարժեք իրականացնել։ Սակայն «եթե»-ներով չխոսենք, ամեն ինչ կհստականա, և Արմեն Սարգսյանի թեկնածությունը կդրվի ԱԺ քվեարկությանը»։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ի առաջարկն անմիջապես չընդունելն Ա.Վարդանյանը «սեթևեթանք» չի համարում, քանի որ առաջադրման պահից մոտ 1 ամիս առաջ թեկնածուի անունը հայտնի դարձավ, որպեսզի հանդիպումներ ու քննարկումներ արվեն։ Նրա կարծիքով՝ շատ նորմալ երևույթ է, որ մարդը նման պաշտոն ստանձննելուց առաջ ժամանակ է խնդրել՝ հանդիպելու հանրության շերտերի, կուսակցությունների հետ։ Ա.Վարդանյանը ենթադրեց, որ հանդիպումները կլինեն կառուցողական, և թեկնածությունը կգա ԱԺ։

Ա.Վարդանյանի կարծիքով՝ առավելություն է, որ Ա.Սարգսյանը թաղված չի եղել հայաստանյան վերջին 20 տարվա էլիտայի տարբեր ինտրիգների մեջ։
Դիտարկմանը, որ, դեռ Սահմանադրության փոփոխելու ժամանակ խոսվում էր Արմեն Սարգսյանի նախագահ դառնալու մասին, Ա.Վարդանյանը պատասխանեց, որ այլ թեկնածուների մասին ավելի շատ էր խոսվում, և կա օրենք, որ ցանկացած դեսպանատան տարածք համարվում է տվյալ երկրի տարածքը, և դեսպանն ինքը ՀՀ քաղաքացի է։

Տեսանյութեր

Լրահոս