Նոր Զելանդիայի վարչապետը հղի է. նա սպասում է առաջնեկին
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունվարի 19-ին հայտնել է, որ հղի է, եւ որ իր առաջնեկը լույս աշխարհ է գալու հունիսին։
«Քլարկը (Արդեռնի ամուսինը, որը վարում է Քլարկ Գեյֆորդի ձկնորսության մասին հեռուստածրագիրը), եւ ես շատ ուրախ ենք, որ հունիսին մեր թիմը կհամալրվի եւ երկուսի փոխարեն կլինենք երեքը»,-գրել է 37-ամյա Արդեռնը Facebook-ում:
«Ես կլինեմ վարչապետ եւ մայրիկ, իսկ Քլարկը կլինի «առաջին ձկնորսը» եւ երեխային խնամող հայրը,-ճշտել է նա:-Մենք երկուսս էլ երջանիկ ենք, մենք ցանկանում էինք ընտանիք ունենալ, բայց վստահ չէինք, որ մեզ կհաջողվի, ինչը այդ նորությունը դարձնում է անսպասելի, բայց հիանալի»:
Արդեռնը հայտնել է, որ երեխայի ծնվելուց հետո ինքն արձակուրդում կգտնվի վեց շաբաթ, եւ այդ ընթացքում կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը: Անցած տարվա վերջին Նոր Զելանդիայում իշխանության է եկել կոալիցիոն կառավարություն՝ Լեյբորիստական կուսակցության գլխավորությամբ, որի առաջնորդը Արդեռննէ: Նախորդ ինը տարվա ընթացքում լեյբորիստներն ընդդիմության մեջ էին, իսկ երկրում իշխում էր Ազգային կուսակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: