Մի բարձրաստիճան պաշտոնյա թունդ «քաշվել է». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց ապրիլի 1–ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը:
Երբ ամիսներ առաջ շուխուրն ընկավ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելելու մասին, մեր շատ բարձր պաշտոն ունեցող այրերից մեկը արագ գործի անցավ:
«Փաստի» տեղեկություններով, նա Բարգրատաշենի մաքսակետի մոտ, ավելի ճիշտ՝ Սադախլոյի մոտ, որը Վրաստանի տարածքում է, մի ճոխ հիմնարկություն «բացեց»: Կառուցում է մի շինություն, որը շուտով կավարտվի: Այդտեղ նրա հիմնած ծառայությունը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի եւ դարձնի ձախ ղեկով:
Եթե Հայաստանում դրա համար պահանջվում է 600-800 դոլար, ապա բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյում շատ գայթակղիչ գին է դնում:
Այնտեղ ղեկը փոխելու համար կպահանջվի ընդամենը 250–300 դոլար: Պատկերացնո՞ւմ եք տարբերությունը: Բոլորը, մինչեւ Հայաստան մտնելը, ղեկերը փոխած կմտնեն երկիր: Բայց բարձրաստիճան մեր պաշտոնյան «թունդ քաշվել» է:
Բանն այն է, որ Վրաստանի կառավարությունը օրերս որոշում է կայացրել իր տարածքում արգելել աջ ղեկը ձախով փոխարինելու բոլոր ծառայությունների գործունեությունը: Իսկ մեր պաշտոնյայի «սերվիսը» Վրաստանի տարածքում է: Միշտ չէ, որ շուստրիությունը օգուտ է բերում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: