Բաժիններ՝

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյանը՝ գնաճի մասին

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց գնաճի վերաբերյալ: Նա նկատեց, որ ընդդիմադիրները դեռևս նախորդ տարի էին խոսում հնարավոր գնաճի մասին, իսկ իշխանությունները նոր են սկսել խոսել և ինչ-որ բաներ նախաձեռնել:

Կ. Կարապետյանը նախ ասաց, որ ամեն ինչը համեմատության մեջ է. «Մեր պաշտոնական գնաճը 2.6 տոկոս է, Վրաստանում՝ 6.7 տոկոս է, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս է:  Ինչ վերաբերում է դիզառելիքի, բենզինի և գազի թանկացմանը, ուզում եմ ձեզ հետևյալ վիճակագրական տվյալներն ասել. բենզինը թանկացել է 20 դրամով, այս պահին Վրաստանում նույն բենզինի գինն ավելի բարձր է, բենզին օգտագործողն ալտերնատիվ ունի, կարող է գազ օգտագործել, իսկ գազը թանկացել է 25 դրամով, և վերականգնվել է այն գինը, որ եղել է 2015 թվականին: Լավ չէ, որ գազի գինը թանկացել է, բայց դա նոր մարտահրավեր չէ շուկայում, մենք այս գներով ժամանակին աշխատել ենք»:

Անդրադառնալով դիզվառելիքի խնդրին՝ վարչապետն ասաց, որ դիզվառելիքի ակցիզային հարկն իրենք նվազեցրել են, կիրառում են ավելացված արժեքի հետ. «Այս պահին դիզվառելիքի հարկը որոշվում է հին ակցիզայինով և ավելացված հարկով: Դիզելային վառելիքը հիմնականում բիզնեսի համար են օգտագործում: Բիզնեսը, որը ԱԱՀ է վճարում, ինքն ակցիզային հարկի այս նոր սակագնից շահում է: Միակ տեղը, որտեղ դիզվառելիքի նոր սակագինը կարող է բեռ հանդիսանալ, գյուղատնտեսությունն է, իսկ գյուղի բնակիչները չեն հարկվում: Գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկ է կատարել, որ, եթե հետագայում ակցիզային հարկի հետևանքով դիզելային տատանումները չլինեն, տարբեր ապրանքատեսակների գինը 1-4 դրամ ավելանալու է, որպեսզի իրենք փոխհատուցեն:

Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորեք, կամ տեսնենք՝ շուկան ինչպես է արձագանքում դրան, և որևէ պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակներով ես չեմ տեսնում: Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս