Սարսափազդու նկարներ չունեցող ծխախոտները շուկայում կմնան մինչև պիտանելիության ժամկետի ավարտը
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող ծխախոտները, որոնք շուկայում հայտնվել են մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը, կարող են այնտեղ մնալ մինչև իրենց պիտանելիության ժամկետի ավարտը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության Տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գայանե Մարգարյանը` նշելով, որ նշյալ արտադրանքը հետ չի կանչվելու: «Մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը շուկայում տեղադրված արտադրանքը, որը չի համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, կարող է շուկայում պահպանվել մինչև այդ ծխախոտի պիտանելիության ժամկետի ավարտը: Դա չի նշանակում, որ այն անօրինական ձևով է գտնվում այնտեղ»,-ասաց Գայանե Մարգարյանը:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ ծխախոտ արտադրող և ներմուծող ընկերությունների գնահատման փաստաթղթերը, որոնք համապատասխանում են ազգային կանոնակարգերին ու ընկերությունները ստացել են մինչև 2016 թվականի մայիսի 15-ը, ուժի մեջ կլինեն մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը: Դրանից հետո կիրառվելու է միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, հետևաբար նրանք պետք է ձեռք բերեն նոր փաստաթղթեր:
«Ծխախոտի տուփերի վրա սարսափազդու նկարների պարտադիր առկայության մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 15-ից, Հայաստանի համար որպես անցումային ժամանակաշրջան հաստատվել է 2018 թվականի հուլիսի 15-ը: Այն արտադրողները և ներմուծողները, որոնք ունեն գնահատման փաստաթղթեր, որոնք ստացել են մինչ 2016 թվականի մայիսի 15-ը, կարող են արտադրել ու ներմուծում իրականացնել ազգային կանոնակարգի հիման վրա սահմանված չափանիշներով: Իսկ 2018 թվականի հուլիսի 15-ից հետո պետք է ունենան նոր փաստաթուղթ` ԵԱՏՄ կանոնակարգին համապատասխան»,-հավելեց Գայանե Մարգարյանը:
Մեր զրուցակցի խոսքով` ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով նկարները պետք է լինեն գունավոր, շատ ազդեցիկ, անկախ ծխախոտի տուփի երկարություն-լայնություն հարաբերակցությունից, դրանք պետք է և առաջին, և հետին մակերեսների 50 տոկոսը զբաղեցնեն: Տուփերի վրա պետք է լինեն նաև նախազգուշացնող գրառումներ:
Ինչ վերաբերում է տնտեսավարողներին իրազեկելու միջոցառումներին, ապա Գայանե Մարգարյանը նշեց, որ ցանկացած պարագայում, երբ փոփոխություններ են տեղի ունենում` կապված տեխնիկական կանոնակարգերի հետ, իրենք տնտեսավարողների էլեկտրոնային փոստին են ուղարկում տեղեկատվություն սպասվող փոփոխությունների մասին, իսկ նախարարության կայքի համապատասխան բաժնում տեղադրում ինֆորմացիան:
Անի Նազարյան