Սերբիայի և Կոսովոյի իշխանությունները Իվանովիչի սպանության հետաքննություն են սկսել
Կոսովցի սերբերի «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» շարժման առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանության հետաքննության վարումը հանձնարարված է երկու քննիչների՝ սերբի ու ալբանացու:
Այդ մասին հայտնել է B92 բելգրադյան անկախ ռադիոկայանը՝ հղում անելով Կոսովսկա Միտրովիցա քաղաքի գլխավոր դատախազ Շիկրի Սիլային: Նրա խոսքով՝ առայժմ Իվանովիչի դեմ մահափորձի գործով կասկածյալներ չկան: Կոսովոյի «Կոխա» ինտերնետ-պորտալն իր հերթին տեղեկացնում է, որ ինքնավար երկրամասի ոստիկանությունը 10 հազար եվրոյի պարգեւ է խոստացել այն տեղեկատվության համար, որը կօգնի հետաքննությանը:
Իվանովիչի սպանության սեփական հետաքննությունն է սկսել նաեւ Սերբիայի դատախազությունը: Ինչպես հայտնել է «Տանյուգ» գործակալությունը, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը մտադիր է հունվարի 20-21-ին այցելել Կոսովո եւ Մետոքիա, որտեղ նա կշփվի կոսովցի սերբերի հետ: Ավելի վաղ Վուչիչը ազգին հղած ուղերձում ահաբեկչություն է որակել Իվանովիչի սպանությունը Կոսովոյում:
«Օլիվեր Իվանովիչի սպանությունը ահաբեկչական գործողություն է, եւ մենք դրան վերաբերվելու ենք որպես ահաբեկչական գործողության»,-ասել է նա: Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը: «Կոչ եմ անում իրավակարգի մարմիններին՝ հնարավորինս արագ հետաքննել նրա սպանության հանգամանքները, իսկ հանցագործությունը կատարած անձինք պետք է կանգնեն օրենքի առաջ»,- ասել է Թաչին: Կոսովցի սերբերի առաջնորդներից մեկի դեմ մահափորձը կատարվել է հունվարի 16-ի առավոտյան, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» կուսակցության շենք:
Իվանովիչի սպանության կապակցությամբ Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը հայտարարել է, որ սերբական պատվիրակությունը դադարեցնում է Պրիշտինայի հետ տեխնիկական երկխոսությունը Բրյուսելում եւ վերադառնում է Բելգրադ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: