Սերբիայի նախագահ Վուչիչը ահաբեկչություն է որակել Իվանովիչի սպանությունը Կոսովոյում
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ահաբեկչություն էորակել «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանությունը Կոսովոյում: Այդ մասին Վուչիչը հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի նիստից հետո ազգին հղած ուղերձում:
«Օլիվեր Իվանովիչի սպանությունը ահաբեկչական գործողություն է, եւ մենք դրան վերաբերվելու ենք որպես ահաբեկչական գործողության»,-ասել է նա: Սերբիայի նախագահը նաեւ սպանությունը համարել է հարված Կոսովոյի հյուսիսում ապրող սերբ ժողովրդին: «Օլիվեր Իվանովիչի վրա կատարված հարձակումը, առաջին՝ հարձակում է Կոսովոյի եւ Մետոքիայի հյուսիսի սերբ ժողովրդի վրա: Երկրորդ՝ դա հարձակում է ամբողջ Սերբիայի վրա»,-հայտարարել է նախագահը:
Վուչիչը նաեւ կոչ է արել Կոսովոյում գործող ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի առաքելություններին՝ ապահովել Սերբիայի պետական մարմինների մասնակցությունը Իվանովիչի սպանության հետաքննությանը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը: «Կոչ եմ անում իրավակարգի մարմիններին՝ հնարավորինս արագ հետաքննել նրա սպանության հանգամանքները, իսկ հանցագործությունը կատարած անձինք պետք Է կանգնեն օրենքի առջաջ»,- ասել է Թաչին: Նա նաեւ կոչ է արել Կոսովոյի հյուսիսի բոլոր համայնքների բնակիչներին՝ համագործակցել իրավակարգի մարմինների հետ հանցագործությունն առավելագույնս արագ հետաքննելու համար:
Կոսովցի սերբերի առաջնորդներից մեկի դեմ մահափորձը կատարվել է հունվարի 16-ի առավոտյան, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» կուսակցության շենք: Իվանովիչի սպանության կապակցությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել, իսկ Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը հայտարարել է, որ սերբական պատվիրակությունը դադարեցնում է Պրիշտինայի հետ տեխնիկական երկխոսությունը Բրյուսելում եւ վերադառնում է Բելգրադ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: