«Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ԱԺ-ում.

«Մեկնարկել  է  2018 քաղաքական տարին, որը ինչպես և սպասվում էր  հարուստ է  ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով: Ապրիլին մեր երկիրը լիարժեք անցում է կատարելու կառավարման խարհրդարանական համակարգի և մեր`խոհրդարանականներիս, խնդիրն է լինելու  օրենսդրական հիմք ապահովել այդ անցման համար: Պետության շահերը պահանջում են, որպեսզի այդ անցումը լինի սահուն և անցնցում:   Խորհրդարանը`որպես երկրի բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և Ազգային ժողովը, այլ ոչ թե փողոցը, այսուհետ, պետք է լինի ընդդիմության և իշխանության գաղափարական և ծրագրային պայքարի միակ վայրը:

Իհարկե, քաղաքական պայքարի այլ օրինական մեթոդներ էլ կարող են օգտագործվել, բայց, կարծում եմ, առավել արդյունավետ, մանավանդ, պառլամենտական համակարգում, քաղաքական պայքարն է խորհրդարանի ներսում: Մենք` խորհրդարանականներս, պետք է ձգտենք առավել արդյունավետ օգտագործել, մեր լիազորությունների ողջ գործիքակազմը, որպեսզի արդարացնենք հանրության սպասելիքները:

Մեկ ամսից լրանում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Շարժում, որը մեզ և մեր հայրենիքին տվեց հպարտություն, միասնություն, հաղթանակ և անկախ երկրում ապրելու երջանկություն: Մեր պարտքն է անել հնարավորինն ու անհնարինը հասնելու Արցախի հարցի արդար լուծմանը: Որտեղ ունենք անհամաձայնություն, մենք պարտավոր ենք հասնելու ներդաշնակության և միասնության,  իսկ որտեղ ունենք կասկած, պետք է  ձեռք բերենք  վստահություն ու հավատ: Այսօր Արցախը փաստացի անկախ հանրապետություն է, և  Արցախի քաղաքացու  ազատությունն  ու անկախությունը անշրջելի փաստ է:  Մեր գլխավոր խնդիրներից մեկն է լինելու բոլոր միջազգային հարթակներում սատարել արցախահայության աստվածատուր ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս