Թուրքիայի արտաքին քաղաքականության միտումները վերջին 15 տարում
Մաս 1. «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հաջողությունը
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ
- ԱԶԿ-ի իշխանության գալու ժամանակ Թուրքիան բազում խնդիրներ ուներ իր հարևանների հետ։
- «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շնորհիվ Թուրքիան զգալիորեն բարելավեց հարաբերությունները հարևան և շրջակա երկրների հետ։
- 2000-ականներին Թուրքիան միջնորդական ակտիվ առաքելություն էր իրականացնում տարբեր երկրների ու ուժերի միջև։
- Թուրքիան այս ամենին զուգահեռ վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ու ռիթմիկ դիվանագիտություն։
ՆԱԽԱԲԱՆ
Դեռևս 1990-ականներին Թուրքիան բազում խնդիրներ ուներ հարևան երկրների հետ, և քիչ էր մնացել՝ պատերազմեր նրանց մի մասի դեմ։ Տվյալ իրավիճակն արտացոլվել է Ճապոնիայում ու ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շյուքրյու Էլեքդաղի «2.5 պատերազմի ռազմավարություն» հոդվածում, որը նվիրված էր Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությանը։ Դրանում Էլեքդաղը նշել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի մղել միաժամանակ 2.5 պատերազմ. հյուսիս-արևմուտքում (Թրակիա, Էգեյան ծով)` Հունաստանի և հարավ-արևելքում՝ Սիրիայի դեմ (1995թ. հունիսին Հունաստանն ու Սիրիան ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր)։ Բացի այդ Թուրքիան պետք է ի վիճակի լիներ այդ ամենին զուգահեռ երկրի ներսում կես պատերազմ մղել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ։ Եվ, այնուամենայնիվ, այն ժամանակ Թուրքիային հաջողվեց խուսափել պատերազմից։ Տվյալ իրավիճակն արմատականորեն փոխվեց 2000-ականներին։
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
2002թ. նոյեմբերի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որն աստիճանաբար բարելավեց հարաբերությունները հարևան երկրների և, ընդհանրապես, տարածաշրջանի երկրների հետ։ Դա տեղի ունեցավ «զրո խնդիր հարևանների» հետ քաղաքականության շնորհիվ, որի ճարտարապետն Ահմեթ Դավութօղլուն է, ով 2002թ. նոյեմբերից մինչև 2009թ. մայիս ամիսն իրականացրել է Թուրքիայի վարչապետի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականի, 2009թ. մայիսից մինչև 2014թ. օգոստոսը՝ Թուրքիայի արտգործնախարարի, իսկ 2014թ. օգոստոսից մինչև 2016թ. մայիսը՝ Թուրքիայի վարչապետի գործառույթները։ Դավութօղլուի կողմից այս բոլոր պաշտոնները զբաղեցնելը պատահական չէր՝ հաշվի առնելով նաև այն, որ 2001թ. ապրիլին նա հրատարակել էր իր հայտնի «Ռազմավարական խորք» գիրքը, որում ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության, աշխարհում Թուրքիայի դերակատարության մասին իր տեսլականը։
2004թ. Դավութօղլուն CNN Türk-ի եթերում ներկայացրեց նոր ժամանակաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վեց հիմնական սկզբունքները՝ անվտանգության և ազատության միջև հավասարակշռություն, հարևանների հետ զրո խնդիր, բազմակողմ արտաքին քաղաքականություն, տարածաշրջանային ակտիվ արտաքին քաղաքականություն, նոր դիվանագիտական ոճ և ռիթմիկ դիվանագիտություն: Դրանց հիմքում ընկած է Թուրքիայի ընկալումը որպես «կենտրոնական երկիր»։
Եթե նախկինում Օսմանյան կայսրությունն իրեն դիտարկում էր որպես իսլամական աշխարհի արևմտյան ճակատը, Թուրքիայի Հանրապետությունն (ԹՀ) էլ իրեն դիտարկում էր ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևը, իսկ ավելի ուշ ԵՄ-ին անդամակցության ջատագովները նշում էին, որ Թուրքիան կդառնա ԵՄ սահմանային երկիրը (ԵՄ ծայրամաս), ապա Դավութօղլուն Թուրքիան ներկայացնում է ոչ թե որպես ծայրամասային, այլ կենտրոնական երկիր, տարբեր տարածաշրջանները միմյանց կապող կամուրջ, բայց ոչ դրանց ծայրամասը. «Ի տարբերություն ՌԴ-ի, Գերմանիայի, Իրանի կամ Եգիպտոսի՝ Թուրքիան չի կարող բնութագրվել աշխարհագրորեն կամ մշակութայնորեն՝ այն հղելով որևէ տարածաշրջանի: Թուրքիայի տարածաշրջանային բազմազան բաղադրիչները թույլ են տալիս նրան միաժամանակ մանևրել մի քանի տարածաշրջաններում։
Այս առումով այն վերահսկողություն ու ազդեցություն ունի իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների վրա։ Թուրքիան ունի հատուկ դիրք. Թուրքիան միաժամանակ մի փոքր Բալկաններ է, մի փոքր Կովկաս, մի փոքր Մերձավոր Արևելք։ Թուրքիայի աշխարհագրությունը նրան տալիս է հատուկ կենտրոնական և ոչ թե բուֆերային երկրի կարգավիճակ։ Գերմանիան կենտրոնական երկիր է Կենտրոնական Եվրոպայում, որը հեռու է Ասիայից ու Աֆրիկայից։ ՌԴ-ը մեկ այլ կենտրոնական երկիր է Եվրոպայում ու Ասիայում, որը հեռու է Աֆրիկայից։ Իրանը կենտրոնական երկիր է Ասիայում, որը հեռու է Եվրոպայից ու Աֆրիկայից։ Այսպիսով, գլոբալ տեսանկյունից Թուրքիան ունի լավագույն դիրքը, քանի որ գտնվում է թե՛ Ասիայում, թե՛ Եվրոպայում, ինչպես նաև մոտ է Աֆրիկային՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածով»։
Դավութօղլուի կարծիքով՝ Թուրքիայի համար գոյություն ունի 4 միջմայրցամաքային գոտի (ազդեցության գոտի), որոնք ուղղակիորեն ազդում են Թուրքիայի վրա. 1) Ամերիկայի և Եվրոպայի միջև ընկած Ատլանտյան ավազանը, 2) Եվրոպայի և Ասիայի միջև տեղ զբաղեցնող լայնարձակ տարածքը` Արևելյան Եվրոպայից մինչև Ուրալյան լեռներ, 3) Եվրոպայի և Աֆրիկայի միջև ընկած Միջերկրական ծովի հարավային գոտին և Հյուսիսային Աֆրիկան, 4) մի կողմից՝ Ասիան և Աֆրիկան, մյուս կողմից` Ասիան և Եվրոպան միմյանց կապող Արևմտյան Ասիան կամ ավելի լայն ասած` Մերձավոր Արևելքը:
2013թ. մարտին ամերիկյան Foreign Policy պարբերականում հրապարակվեց Դավութօղլուի՝ «Զրո խնդիրը նոր ժամանակաշրջանում» խորագրով հոդվածը, որում նա նշում էր. «Երբ ես դարձա վարչապետ Ռեջեփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական, աշխատել եմ ոչ միայն խորհուրդներ տալ նրան Թուրքիայի արտաքին գործերի գործնական վարման մասին, այլև ձգտել եմ նոր գաղափարներ առաջ բերել, որոնք նոր դարաշրջանում կհամապատասխանեն իմ երկրի արտաքին քաղաքականությանը: Ես առաջարկեցի, որ մեր արտաքին քաղաքականությունը հիմնված լինի վեց հիմնական սկզբունքների վրա։ Չնայած նրան, որ այդ սկզբունքները ստատիկ չեն եղել, դրանք ոգեշնչեցին մեր ինստիտուցիոնալ արտաքին քաղաքական մոտեցումը: Միասին դրանք Թուրքիային օգնեցին վերադառնալ որպես միջազգային համակարգում գերակա երկիր»:
«ԶՐՈ ԽՆԴԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թուրքիան ունի 12 հարևան, որոնցից 8-ն ուղիղ, իսկ մնացյալ 4-ը՝ անուղղակի հարևաններ են։ Թուրքիայի ցամաքային հարևաններն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հունաստանը, Բուլղարիան, Իրանը, Իրաքը, Սիրիան, իսկ ծովային մերձակա հարևաններն են ՌԴ-ը, Ռումինիան, Ուկրաինան ու Կիպրոսը (թուրքական կողմի բնորոշմամբ՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետություն՝ ՀԿԹՀ, որի անկախությունն աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան)։ Թուրքիայի՝ «Հարևան և շրջակա երկրների» ռազմավարության համաձայն՝ կան նաև մի շարք շրջակա երկրներ, որոնց հետ առկա է աշխարհագրական, մշակութային, պատմական մոտիկություն ու տնտեսական պոտենցիալ. Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Եգիպտոս, Ալբանիա, Մոլդովա ու Մակեդոնիա։
2003թ. ընդլայնվեց «Հարևան և շրջակա երկրների» ռազմավարությունը, որում ընդգրկվեցին նաև հետևյալ երկրները. Հունգարիա, Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա-Հերցեգովինա, Սերբիա, Մարոկկո, Ալժիր, Թունիս, Լիբիա, Սուդան, Եթովպիա, Էրիթրեա, Ջիբութի, Սոմալի, Քուվեյթ, Գազա (Պաղեստին), Բահրեյն, Կատար, ԱՄԷ, Հորդանան, Եմեն, Աֆղանստան, Պակիստան և Բելառուս։
Թվում է, թե «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հարցում Թուրքիայի համար որոշակի բարդություններ կարող էին առաջանալ այն պատճառով, որ նրա ուղիղ և անուղղակի 12 հարևաններից միայն 4-ն են մուսուլմանական երկրներ։ Սակայն Թուրքիան այն ժամանակ շեշտը չդրեց կրոնական գործոնի վրա։
Օրինակ, 2000-ականներին Թուրքիան թեև զարգացնում էր կապերը մուսուլմանական Սիրիայի հետ, սակայն երկկողմ հարաբերությունները, թերևս, ավելի արագ տեմպերով էին զարգանում մեկ այլ հարևանի՝ Վրաստանի հետ, որի բնակչության 83.9%-ը քրիստոնյա էր։
ԱԶԿ-ի գործը մեծապես բարդացնում էր այն, որ Թուրքիայի ու հարևան երկրների միջև առկա էին վաղուց ի վեր գոյություն ունեցող, պատմական բնույթի խնդիրներ, որոնք էլ գումարվում էին ընթացիկ (իրադարձային) խնդիրներին։ Ընդ որում՝ դրանք առկա էին Թուրքիայի թե՛ քրիստոնյա, թե՛ մուսուլման հարևանների պարագայում։ Քրիստոնյա հարևանների պարագայում, նշենք, որ Թուրքիայում ցայժմ համարում են, որ «Հայկական հարցը» Դամոկլեսյան թրի նման կախված է երկրի գլխին (Թուրքիան ժամանակ առ ժամանակ խնդիրներ է ունենում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունած երկրների հետ)։
Սրան կարելի է գումարել Կիպրոսի խնդիրը, Էգեյան հակամարտությունը, Բուլղարիայում տեղի թուրքերին հալածելու, բուլղարացնելու քաղաքականությունը և այլն։ Բացի այդ թուրքերը 1774թ. Քյուչուք Քայնարջայի համաձայնագրի կնքումից ի վեր մինչև ԽՍՀՄ փլուզումը («Սառը պատերազմի ավարտը») ավելի քան 200 տարի ռուսներին ընկալել են որպես սպառնալիք։
Ինչ վերաբերում է մուսուլման հարևաններին, ապա Թուրքիան ու Սիրիան ունեին միանգամից մի քանի խնդիրներ. Հաթայի խնդիր, Եփրատի վրա Թուրքիայի ջրային խոշոր նախագծեր իրագործելու խնդիր, PKK-ին Սիրիայի աջակցելու խնդիր և այլն։ Ինչ վերաբերում է Իրաքին, ինչպես նաև Իրանին, ապա Թուրքիայի խորին դժգոհությունն էր հարուցում այն, որ PKK-ի զինյալներն այդ երկրներից պարբերաբար մուտք էին գործում իր տարածք, զինված ակցիաներ անցկացնում երկրում և հեռանում։ Պատմական-հոգեբանական բնույթի խնդիր կար նաև Թուրքիայի ու Մերձավոր Արևելքի (արաբական աշխարհի) երկրների փոխհարաբերություններում։
Ընդ որում՝ դա երկուստեք խնդիր էր. թուրքերն ասում են՝ «Արաբները մեզ թիկունքից խփեցին» (նկատի է առնվում 1916թ. Արաբական Մեծ ապստամբությունը), իսկ արաբներն էլ ասում են՝ «Թուրքերը մեզ իշխել են 400 տարի» (օսմանյան ժամանակաշրջան)։
2004թ. փետրվարին Ա. Դավութօղլուն հյուրընկալվում է CNN Türk հեռուստաընկերության Editor ծրագրին, որտեղ արտաքին քաղաքականության մասին զրուցելիս նշում է նաև «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մասին, ինչը հասարակության կողմից ընկալվում է որպես չափից ավելի լավատեսական։ Հաջորդող տարիները, սակայն, ցույց տվեցին, որ հարաբերությունները բարելավվում են փուլ առ փուլ։
Ավելին, Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա Դավութօղլուի ամենաազդեցիկ քայլը դարձավ հենց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։ Դավութօղլուն անհրաժեշտ էր համարում տնտեսական ու մշակութային կամուրջներին որպես սպառնալիք չվերաբերելը. «Մոսուլը Դիարբեքիրին միշտ էլ Բասրայից ավելի մոտիկ է։ Մենք Մոսուլի ու Դիարբեքիրի տնտեսական ու մշակութային կամուրջներին պետք է մոտենանք ոչ թե որպես սպառնալիք, այլ դրանց հիման վրա կառուցենք փոխկապակցվածության վրա հիմնված հարաբերություններ։ Նույն մտածողությամբ պետք է մոտենանք Էդիրնեի ու Գյումուլջինայի (Հունաստան), Բաթումի ու Հոպայի, Նախիջևանի ու Իգդիրի հարաբերություններին։
Դա կօգնի նվազեցնել ռիսկային գոտիները Բալկաններում, Կովկասում, Մերձավոր Արևելքում ու տրամադրել մեզ խորություն, որը կօգտագործենք այդ տարածքների հանդեպ մեր ազդեցությունը տարածելու հարցում։ Սիրիայի ու Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացմամբ պատերազմի հավանականությունը կհասցվի նվազագույնի, որովհետև երբ Այնթեփի ու Հալեպի ժողովուրդներն առևտուր են անում, նրանք պատերազմելու համար զինվոր չեն ուղարկի։ Կամ եթե Դիարբեքիրի ու Բաղդադի միջև աշխատեն ծանրաքարշ բեռնատարներ, ապա Թուրքիան Հյուսիսային Իրաքում չի վախենա հնարավոր միավորումներից»։
Նշենք, որ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում Թուրքիայի ու հարևան երկրների միջև կատարվեցին բարձր մակարդակի փոխադարձ այցեր, հիմնականում փոխադարձաբար վերացվեց վիզային ռեժիմը, ստեղծվեցին Բարձր մակարդակի համագործակցության տարբեր տիպի խորհուրդներ (YDSK, ÜDİK, YDİK), աճեց ներդրումների ու ապրանքաշրջանառության ծավալը, զբոսաշրջիկների հոսքը և այլն։
Բարձր մակարդակի փոխադարձ այցեր – Թուրքիայի վարչապետ (2003-2014թթ.) Ռ. Էրդողանը 2004թ. այցելեց Հունաստան (մայիսի 7), Ռումինիա (մայիսի 20), Վրաստան (օգոստոսի 11), Ուկրաինա (ապրիլի 1-3), Իրան (հուլիսի 28), Սիրիա (դեկտեմբերի 22), Հորդանան (հուլիսի 5), Բուլղարիա (հուլիսի 7)։ Ամիսներ անց՝ 2005թ. հունվար-փետրվարին, Անկարա այցելեցին Ռումինիայի, Բուլղարիայի ու Վրաստանի վարչապետները։ 2005թ. Էրդողանը երեք անգամ (հունվար, մայիս, հուլիս) այցելեց ՌԴ, ինչպես նաև՝ Ադրբեջան (հունիս)։
Ընդգծենք, որ 2000-ականներին Թուրքիայի ու հարևան երկրների միջև կատարված բարձր մակարդակի այցերի մի մասն աննախադեպ էր կա՛մ վերջին շրջանի համար, կա՛մ էլ ընդհանրապես։ Նշենք դրանց մի մասը. 2004թ. Թուրքիա այցելեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչը վերջին 32 տարիներին և ընդհանրապես «Սառը պատերազմի» ավարտից հետո ռուս առաջնորդի առաջին այցն էր Թուրքիա։ 2004թ. Թուրքիայի արտգործնախարար (2003-2007թթ.) Աբդուլլահ Գյուլն այցելեց Լիբանան, ինչը Թուրքիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցն էր Լիբանան վերջին 20 տարում։ 2006թ. օգոստոսի 12-ին հրադադար կնքվեց Իսրայելի ու Լիբանանի միջև, իսկ արդեն օգոստոսի 16-ին Լիբանան այցելեց Ա. Գյուլը, որով նա դարձավ հրադադարից հետո տարածաշրջան այցելած օտար առաջին պետական գործիչը։
2009թ. մարտին Թուրքիայի նախագահ (2007-2014թթ.) Ա. Գյուլն այցելեց Իրաք, ինչը վերջին 33 տարում Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Իրաք։ Եթե 2003թ. մարտ-ապրիլին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ) կենտրոն Էրբիլում բողոքում էին Թուրքիայի դեմ՝ այրելով նրա դրոշները, ապա 2009թ. վերջին Էրբիլում քուրդ երեխաները Ա. Դավութօղլուին դիմավորում էին Թուրքիայի դրոշները ձեռքներին։
2004թ. Թուրքիա այցելեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ինչը պատմության ընթացքում Սիրիայի նախագահի առաջին այցն էր Թուրքիա։ Նույն թվականի վերջին Սիրիա այցելեց Ռ. Էրդողանը, ինչը Թուրքիայի վարչապետի մակարդակով առաջին այցն էր Սիրիա վերջին 17 տարում։ Ի դեպ, Անկարայի ու Դամասկոսի հարաբերություններն այնքան արագ էին զարգանում (մինչև 2009թ. սեպտեմբերը Դավութօղլուն 35 անգամ այցելեց Դամասկոս), որ 2004թ. Բ. Ասադը հայտարարեց, թե թուրք-սիրիական հարաբերությունները գտնվում են ավելի լավ վիճակում, քան արաբա-սիրիական հարաբերությունները։ 2008թ. օգոստոսին Բ. Ասադն ու Ռ. Էրդողանն իրենց կանանց հետ համատեղ արձակուրդ անցկացրեցին Թուրքիայի Մուղլա նահանգում՝ Բոդրումում։ Ընդ որում՝ Սիրիայի առաջնորդն առաջին անգամն էր արձակուրդն անցկացնում արտերկրում։
2008թ. սեպտեմբերի 6-ին Ա. Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երևան՝ ներկա գտնվելու «Հայաստան-Թուրքիա» ֆուտբոլային հանդիպմանը։ Դա դարձավ Թուրքիայի նախագահի առաջին (առայժմ միակ) այցը Հայաստան (2009թ. հոկտեմբերի 14-ին էլ Ս. Սարգսյանը Բուրսայում ներկա գտնվեց «Թուրքիա-Հայաստան» ֆուտբոլային հանդիպմանը)։
Վիզային ռեժիմի վերացում, ապրանքաշրջանառության աճ – 2000-ականներին Թուրքիան սկսեց վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ պայմանագրեր կնքել իր ցամաքային ու ծովային հարևանների հետ, ինչը դարձավ հարևանների հետ հարաբերությունների մերձեցման ուղղությամբ կատարված ամենակարևոր քայլերից մեկը։ 2013թ. հոկտեմբերին Ա. Դավութօղլուն, շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթի հետ զրույցում խոսելով «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հաջողության մասին, հայտարարեց.
«Զրո խնդիրը մեր սկզբունքային ծրագիրն է: Մենք կարողացանք վերացնել «Սառը պատերազմի» ժամանակ հակառակորդ երկրների հետ վիզային ռեժիմը։ ՌԴ-ի հետ վերացրեցինք վիզային ռեժիմը։ Վրաստանի սահմանը կարող ենք հատել ինքնության վկայականով։ Սակայն մենք չկարողացանք նույնն անել այն ժամանակվա մեր բարեկամ երկրների հետ: Միայն ԵՄ-ի հետ չկարողացանք ազատականացնել վիզային ռեժիմը»:
«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը դրականորեն ազդեց նաև Թուրքիայի արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ Ազատ առևտրի ռեժիմի մասին համաձայնագրեր կնքվեցին հարևան մի շարք երկրների հետ։ Միայն 2005-2008թթ. հարևան երկրների հետ Թուրքիայի ապրանքաշրջանառության ծավալն աճել է 300%-ով։ Եթե 2001-2002թթ. հարևան երկրների հետ առևտուրը կազմում էր Թուրքիայի ողջ առևտրի 8%-ը, ապա 2008թ. վերջի դրությամբ այն հասավ 30%-ի։ Եթե 2000թ. Թուրքիայի արտահանումը դեպի «Հարևան և շրջակա երկրների» ռազմավարության շրջանակներում ընդգրկված 52 երկրներ կազմում էր 6.9 մլրդ $, ապա 2008թ. այդ ցուցանիշը կազմեց 56.7 մլրդ $։ Միևնույն ժամանակ Թուրքիայի այդ երկրներից ներկրումը 13 մլրդ $-ից հասավ 73.5 մլրդ $-ի։
Նշենք, որ հարևան երկրներ այցերի ժամանակ թուրք ղեկավարներին սովորաբար ուղեկցել են մեծ թվով (անգամ 10-12) նախարարներ ու գործարարներ։ 2007թ.-ից Թուրքիան դարձավ Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը, Վրաստանի հետ «զրո խնդիրն» այնքան խորացավ, որ Հոպա կամ Արդահան գնացող թուրք քաղաքացիները թռիչքների ժամանակ սկսեցին Բաթումի օդանավակայանից օգտվել որպես «ներքին չվերթ»։ Այսինքն աշխարհագրական սահմանները խոչընդոտ չհանդիսացան այս հարցում։ Նույն կերպ միկրոավտոբուսներ էին գործում Գազիանթեփի ու Հալեպի միջև։ Դավութօղլուն թուրք-սիրիական հարաբերություններում առկա նոր ժամանակաշրջանը որակեց որպես «Ոսկե դար»։
«Սառը պատերազմի» ժամանակ 50 տարի ԽՍՀՄ-ի դեմ «ճակատային երկիր» հանդիսացած Թուրքիան դարձավ ՌԴ-ի ամենամեծ առևտրային գործընկերներից մեկը։ 2005թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր 15 մլրդ $, 2007թ.՝ 28 մլրդ $, իսկ 2008թ.՝ 37 $։ ՌԴ-ն ու Թուրքիան ոչ թե թղթի վրա, այլ իրականում դարձան ռազմավարական գործընկերներ։ Հարևան երկրների հետ ապրանքաշրջանառության աճին ազդեց նաև YDSK-ների ստեղծումը (Թուրքիան 2006թ. ի վեր YDSK է ստեղծել 21 երկրի հետ)։ Թուրքիան YDSK ստեղծեց Իրաքի (10.07.2008), Սիրիայի (22.07.2009), ՌԴ-ի (11.05.2010), Հունաստանի (14.05.2010), Ադրբեջանի (15.10.2010), Ուկրաինայի (24.01.2011), Եգիպտոսի (12.09.2011), Բուլղարիայի (20.03.2012), Իրանի (29.01.2014) հետ։
Հարևան
երկրներ |
Թուրքիայի արտահանում
մլրդ $ |
Թուրքիայի ներկրում
մլրդ $ |
||
2000թ. | 2008թ. | 2000թ. | 2008թ. | |
Իրաք | 0.0 | 3.9 | 0.0 | 1.3 |
Իրան | 0.2 | 2.0 | 0.8 | 8.2 |
Սիրիա | 0.2 | 1.1 | 0.5 | 0.6 |
Ադրբեջան | 0.2 | 1.7 | 0.1 | 0.9 |
Հայաստան | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
Վրաստան | 0.1 | 1.0 | 0.2 | 0.5 |
ՌԴ | 0.6 | 6.5 | 3.9 | 31.4 |
Բուլղարիա | 0.3 | 2.2 | 0.5 | 1.8 |
Հունաստան | 0.4 | 2.4 | 0.4 | 1.2 |
Դրան զուգահեռ աճեցին փոխադարձ ներդրումներն ու զբոսաշրջային այցերը։ 2010թ. Թուրքիա այցելել է 28.6 մլն զբոսաշրջիկ։ Թուրքիա ժամանած ամեն 10 զբոսաշրջիկից 4-ը բաժին է ընկել հարևան երկրներին, և որ այդ ամենը հնարավոր է դարձել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում վիզային ռեժիմի վերացմամբ: Միայն Իրանից Թուրքիա ժամանել է 2.6 մլն զբոսաշրջիկ, որով Իրանը Թուրքիա ամենաշատը զբոսաշրջիկ ուղարկած երկրների թվում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում իրանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը 5.11%-ից աճեց մինչև 6.58%-ի։
Սիրիայից եկող զբոսաշրջիկների թիվն էլ գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով մոտ 1 մլն-ի։ Սիրիացի զբոսաշրջիկների մասնաբաժինը 1.88%-ից աճեց մինչև 3.14%-ի։ Այդպիսով, հարևան և շրջակա երկրների հետ տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացումը հանդիսանում է Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հաջողության ցուցիչներից մեկը։
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՊԵՍ ՄԻՋՆՈՐԴ ԵՐԿԻՐ
2000-ականներին (ԱԶԿ կառավարման ժամանակ) Թուրքիան միջնորդություն էր իրականացնում բազմաթիվ երկրների ու ուժերի միջև։ Անկարան կա՛մ ինքն էր իր միջնորդությունն առաջարկում այդ երկրներին ու ուժերին, կա՛մ էլ նրանք էին միջնորդության խնդրանքով դիմում Թուրքիային։ Միջնորդական այդ առաքելության աշխարհագրությունը բավական մեծ է, որը ներկայացվում է ստորև։ Բացի այդ ներկայացվում է միջնորդական առաքելություն կատարելու հարցում ինչպես Թուրքիայի առաջարկած, այնպես էլ Թուրքիային դիմած դեպքերի շարքը, քանի որ դրանք նույնպես ընդգծում են Թուրքիայի կարևորությունը տարածաշրջանում և ընդհանրապես։
- ԱՄՆ և Իրաք – 2003թ. մարտին, երբ ԱՄՆ-ը սկսեց հարվածել Բաղդադին, Թուրքիայի իշխանությունները սկսեցին բանակցել թե՛ ԱՄՆ ղեկավարության, թե՛ Սադդամ Հուսեյնի վարչակարգի հետ՝ փորձելով համոզել նրանց վերջ դնել պատերազմին։
- Իսրայել և Սիրիա – 2008թ. մայիսի 21-ին Թուրքիայի միջնորդությամբ մեկնարկեցին Իսրայելի ու Սիրիայի միջև բանակցությունները։ Ընդ որում՝ Սիրիան ու Իսրայելը 8-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ էին նստում բանակցային սեղանի շուրջ։ Վերջին անգամ նրանք միմյանց հետ բանակցել էին ԱՄՆ միջնորդությամբ 2000թ.՝ Գոլանի բարձունքներում տիրող իրավիճակի շուրջ։
- Իսրայել և Պաղեստին – 2006թ. Թուրքիան միջնորդում էր ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի զինվորի ու Իսրայելում պահվող պաղեստինցիների վերադարձի համար։ Թուրքիան ՀԱՄԱՍ-ին նաև կոչ էր անում ճանաչել Իսրայելի գոյություն ունենալու իրավունքը: 2008թ. Թուրքիան իր միջնորդությունն էր առաջարկում Իսրայելի ու Պաղեստինի միջև առևտրային հարցերում։ Բացի այդ Թուրքիան փորձում էր նպաստել արաբա-իսրայելական երկխոսության հեշտացմանը, մերձավորարևելյան խաղաղության գործընթացում առաջընթաց գրանցելուն։
- Սիրիա և Իրաք – 2009թ. Իրաքը Բաղդադում հնչած մի շարք պայթյունների պատասխանատվությունը դրեց Դամասկոսի վրա։ Դրանից հետո Թուրքիան սկսեց միջնորդական առաքելություն իրականացնել երկու երկրների միջև, որոնց հետ ունի 1295 կմ ընդհանուր սահման։
- Լիբանան – 2008թ. Թուրքիան փորձում էր հարթել Լիբանանի նախագահական ընտրությունների ու ազգային միասնության կառավարության ձևավորման աշխատանքների ժամանակ տարբեր խմբերի միջև ծագած տարաձայնությունները, ճգնաժամը։
- Իրան և Արևմուտք (ԱՄՆ) – Թուրքիան հյուրընկալել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները։ «Հոջա. Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա Դավութօղլուի ազդեցությունը» գրքի հեղինակ Գ. Զենգինն ընդգծում է, որ Իրանի ու Արևմուտքի միջև փակուղի մտած բանակցային գործընթացը 2006թ. բացող երկիրը եղել է Թուրքիան, և որ նա շարունակ եղել է տվյալ դերում՝ դա անելով Դավութօղլուի կամ Էրդողանի թեհրանյան այցերի միջոցով։ 2007թ. բանակցությունները վերստին փակուղի մտան, և Թուրքիան վերստին գործի անցավ. Դավութօղլուն գնաց Թեհրան և Իրանի ղեկավարությանը համոզեց վերսկսել բանակցությունները։ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանագնաց Ալի Լարիջանին և ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան հանդիպեցին Թուրքիայում. Լարիջանի-Սոլանա հանդիպումը դարձավ վերջին 4-5 տարվա ամենաարդյունավետ հանդիպումը։ 2010թ. մայիսի 17-ին Իրանի, Բրազիլիայի, Թուրքիայի արտգործնախարարները համաձայնության եկան Իրանի կողմից հարստացված ուրանի՝ երկրի տարածքից դուրս վերահարստացման մասին։ Գ. Զենգինն ընդգծում է, որ Իրանը վերջին 30 տարում առաջին անգամ էր համաձայնագիր ստորագրում Արևմուտքի հետ։
Բացի այդ Թուրքիան նպաստել է Իրանում պահվող արևմտյան երկրների քաղաքացիների ազատմանը։ 2007թ. Թուրքիան Իրանին համոզել է ազատել 15 բրիտանացի ծովայինի, որոնք մեղադրվում էին իրանական ջրեր մուտք գործելու համար։ Ընդ որում՝ նրանց ազատվելը կատարյալ անակնկալ է եղել բրիտանական իշխանությունների համար։ Թուրքիան դեր է խաղացել 2009թ. Իրանում ֆրանսիացի ուսուցչուհի 24-ամյա Կլոտիլդ Ռայսին ազատ արձակելում, ով մեղադրվել էր լրտեսական գործունեություն իրականացնելու համար։ Թուրքիան նաև Իրանին կոչ է արել ազատ արձակել 2009թ. ամռանն Իրաքի սահմանի մոտ գտնվող «լրտեսության» կասկածանքով ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկներին: Նրանք ազատ արձակվեցին 2011թ. սեպտեմբերին։
- Իրաք – Թուրքիան մասնակցել է Իրաքի շիաների, սուննիների, քրդերի տարբեր խմբերի ու ցեղերի միջև լարվածության ու խնդիրների հաղթահարման, Քիրքուքի վերջնական կարգավիճակի հստակեցման քննարկումներին։ 2003թ. ԱՄՆ-ն աջակցում էր Իրաքի քրդերին, իսկ Իրանը՝ Իրաքի շիաներին։ Թուրքիան էլ 2003թ. օգոստոսին առաջին հանդիպումն անցկացրեց Իրաքի սուննի ցեղերի հետ, որը հաջողությամբ անցավ։ Դա աննախադեպ իրադարձություն էր ԹՀ պատմությունում (Դավութօղլուն վտանգավոր էր համարում հետսադամյան Իրաքում ԱՄՆ-ի սցենարում սուննիներին տեղ չհատկացնելը)։ Թուրքիան փորձում էր սուննիներին համոզել չբոյկոտելու 2005թ. խորհրդարանական ընտրությունները։ 2005թ. Իրաքի հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Օսման Քորութուրքը հանդիպեց Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ, Այաթոլլահ Ալի Սիսթանիի հետ, ինչը նույնպես աննախադեպ իրադարձություն էր։
- ԱՄՆ և Սիրիա – 2000-ականներին Թուրքիան օգնում էր, որ ԱՄՆ-ն ու Սիրիան կառուցեն նոր հարաբերություններ։
- Ռուսաստան և Վրաստան – 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Թուրքիան հանդես եկավ Կովկասում կայունության ու խաղաղության հարթակ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ) ձևավորելու նախաձեռնությամբ։ Ռուս-վրացական պատերազմի ավարտից օրեր անց Էրդողանն այցելեց ՌԴ և Վրաստան և, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև հարավօսական ճգնաժամը։ Դրանով Էրդողանը դարձավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիից հետո երկու երկրների մայրաքաղաքներ միանգամից այցելած՝ մաքոքային դիվանագիտություն կիրառած երկրորդ օտար առաջնորդ։ 2009թ. փետրվարին էլ Կովկասյան հարթակի ստեղծման հարցը ՌԴ-ում քննարկեց Ա. Գյուլը։
- Հայաստան և Ադրբեջան – ԵԱՀԿ ՄԽ անդամ Թուրքիան շարունակ իր ծառայություններն է առաջարկում Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդություն կատարելու համար։ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման տարում Թուրքիայից Ադրբեջան այցելեցին Ա. Գյուլը (հոկտեմբերի 2-3), Ռ. Էրդողանը (մայիսի 13), Ա. Դավութօղլուն (մայիսի 25, հոկտեմբերի 21)։ Բացի այդ Թուրքիա այցելեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (դեկտեմբերի 25)։
- Իրան և Պակիստան – 2009թ. Իրանը երկրում անցկացված ահաբեկչության պատասխանատվությունը դրել էր Պակիստանի վրա, և Թուրքիան փորձում էր մեղմել իրավիճակը։
- Պակիստան և Աֆղանստան – 2010թ. Թուրքիան (Ազգային հետախուզական կազմակերպություն, MIT) միջնորդություն էր իրականացնում Ալ-Քաիդայի դեմ պայքարի հարցում Պակիստանի ու Աֆղանստանի միջև ծագած հետախուզական ճգնաժամը հարթելու համար։
- Պաղեստին – 2011թ. Թուրքիան միջնորդություն էր իրականացնում պաղեստինյան ՖԱԹՀ ու ՀԱՄԱՍ կազմակերպությունների փոխհարաբերությունները կարգավորելու համար՝ հյուրընկալելով նրանց բանակցությունները։
- Եգիպտոս և ՀԱՄԱՍ – 2000-ականներին Թուրքիան անվտանգության հարցեր էր քննարկում Եգիպտոսի ու ՀԱՄԱՍ-ի հետ։ Թուրքական կողմը Գազայի հատվածը որակում է «որպես բաց երկնքի տակ գտնվող աշխարհի ամենամեծ բանտ» և կարծում է, որ Եգիպտոսը մեծ մասնաբաժին ունի նրանում, որ Գազայի հատվածը գտնվում է շրջափակման մեջ։ Թուրքիան փորձում էր ցրել Եգիպտոսի մտավախությունները, վախերը՝ կապված ՀԱՄԱՍ-ի գործունեության հետ։
- Բոսնիա և Սերբիա – 2009թ. հոկտեմբերի 1-ին կազմավորվեց «Թուրքիա-Սերբիա-Բոսնիա» եռակողմ ձևաչափը։ Երեք երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն անցկացվեց 2010թ. հունվարի 15-ին Բելգրադում, իսկ երկրորդը՝ փետրվարի 9-ին Անկարայում (5 ամսում անցկացվեց 5 հանդիպում)։ Դրանց արդյունքներով որոշվեց, որ երեք երկրների նախագահները պետք է հանդիպեն տարեկան 3 անգամ։ 2009թ. հոկտեմբերի 25-ին Ա. Գյուլն այցելեց Բելգրադ, ինչը Թուրքիայի նախագահի համար աննախադեպ իրադարձություն էր վերջին 23 տարիների կտրվածքով։ 2010թ. մարտին Բելգրադում բացվեց Բոսնիայի դեսպանատունը, որը պատերազմի պատճառով չկար մինչ այդ, իսկ մարտի 30-ին Սերբիայի խորհրդարանն ընդունեց Սրեբրենիցայի սպանդը դատապարտող բանաձև։ Ուշագրավ է 2009թ. հուլիսի 25-ին Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հայտարարությունը, որ Բալկաններում որևէ հարց չի կարող լուծվել առանց Թուրքիայի մասնակցության։ Հիշատակության արժանի է, որ 2009թ. հուլիսին Դավութօղլուն այցելեց Մոնտենեգրո՝ դառնալով վերջին 130 տարում Մոնտենեգրո այցելած առաջին թուրք արտգործնախարար, ուր և հայտարարեց, որ 1878թ. Մոնտենեգրոն առաջինը ճանաչած երկիրը եղել են իրենք, իսկ 2006թ.՝ առաջիններից մեկը։
- Նամիբիա և Բոտսվանա – 2010թ. օգոստոսին Ա. Դավութօղլուն հայտարարեց, որ Բոտսվանան դիմել է Թուրքիային՝ Նամիբիայի հետ ունեցած տարածքային խնդիրները լուծելու համար։
- Իրան և Սաուդյան Արաբիա – Թուրքիան կարևոր դեր է խաղացել 2007թ. մարտի 4-ին Իրանի նախագահ (2005-2013թթ.) Մահմուդ Ահմադինեժադի՝ Սաուդյան Արաբիա այցում, ինչը դարձավ տարածաշրջանի ամենաառանցքային այցերից մեկը՝ հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան Իրանին որպես սպառնալիք թերևս ամենաշատը դիտարկող երկիրն էր։ Հենց Անկարան է Սաուդյան Արաբիային համոզել հրավիրել Իրանի նախագահին, իսկ վերջինիս էլ համոզել է հրավերի դեպքում ընդունել այն։ Թեև Սաուդյան Արաբիայի թագավորին հեշտ չէր համոզելը, որ նա հրավեր ուղարկի Ահմադինեժադին, իսկ Ահմադինեժադին էլ հեշտ չէր համոզելը, որ նա գնա Սաուդյան Արաբիա, այնուամենայնիվ, Թուրքիային հաջողվեց հասնել դրան։ Ընդ որում՝ հանդիպումից հետո արված հայտարարությունում երկու առաջնորդները կարևորեցին սուննիների ու շիաների միջև բախումներ առաջացնելու փորձերի կանխման ուղղությամբ ջանքեր գործադրելը։ Գ. Զենգինն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն այն ժամանակ փորձում էր Պակիստանից մինչև Եգիպտոս և Հորդանանից մինչև Ինդոնեզիա սուննի բլոկ ձևավորել Իրանի դեմ, սակայն տարածաշրջանի սուննի երեք խոշոր երկրներից Թուրքիան, փչացրեց այդ խաղը՝ չցանկանալով ընդգրկվել դրանում։ Դա մտնում է Դավութօղլուի անակնկալների շարքում, որոնց մասին կխոսվի ստորև։ 2008թ. օգոստոսի 14-ին Մ. Ահմադինեժադն այցելեց նաև Թուրքիա՝ հայտարարելով, որ դա իր առաջին և միակ այցն է ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Ավելին, Թուրքիան Իրանի միակ հարևանն էր, ուր Ահմադինեժադը չէր այցելել մինչ այդ։
Այդպիսով, ինչպես նշում է Գ. Զենգինը, Թուրքիայի վերոնշյալ միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց. ա) լուծել տվյալ լարվածությունների մի մասը, բ) որոշ դեպքերում հեշտացվեց կարգավորման գործընթացը, գ) մի շարք դեպքերում էլ կանխվեց ճգնաժամի առաջացումը։ Այդ լարվածությունների վերացման համար մի մասը Թուրքիային անվանում էր միջնորդ, իսկ մյուս մասը՝ ֆասիլիտատոր։ Ընդ որում՝ Ա. Դավութօղլուն մշտապես մասնակցել է այս ամենին` որոշ դեպքերում գտնվելով հենց առաջնագծում, որոշ դեպքերում՝ հետնաբեմում, սակայն մշտապես եղել է գործընթացի մեջ։
Եվ պատահական չէր, որ 2010թ. օգոստոսին բրիտանական The Economist պարբերականում հրապարակվեց Թուրքիայի դերին նվիրված «Մեծ միջնորդ» խորագրով հոդվածը, որում նշվում էր, որ Թուրքիան իսկապես կամուրջ է դառնում Արևմուտքի ու Արևելքի միջև։
2011թ. հունվարին ամերիկյան The New York Times թերթը գրեց, որ Մերձավոր Արևելքում աճում է Թուրքիայի միջնորդական դերը. «Մինչ ԱՄՆ-ն անհույս հետևում է մերձավորարևելյան զարգացումներին, Թուրքիան հարցեր է լուծում, բանակցային գործընթացում վերածվել է ամենադինամիկ երկրի: Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան չկարողացան ազդեցություն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգավորման վրա, իսկ ահա Թուրքիան, Իրանը և Կատարը վերջին տարիներին վերածվել են «աճող ուժի»:
ԱՄՆ-ը տարիներ ի վեր խնդիրների լուծումը փնտրել է իր թշնամիներին տարածաշրջանում մեկուսացնելու մեջ: Մինչդեռ տվյալ գործընթացում Թուրքիայի հաջողության բանալիներից մեկն ամերիկյան այդ մեթոդի քննադատությունն է: Քանի դեռ հակառակը չի ապացուցվել, Թուրքիան շարունակելու է տարածաշրջանում կարգուկանոնի հաստատման գործում հանդիսանալ անփոխարինելի երկիր»:
Համարվում է, որ Թուրքիայի այս հաջողությունների հիմքում ընկած էր այն, որ 2003թ. կեսերից նա տարածաշրջանի բոլոր հարցերում ներգրավվել է որպես «երրորդ ուղու» կրող.
ա) Թուրքիան աջակցել է Պաղեստինի ընտրություններում հաղթանակ տարած ՀԱՄԱՍ-ին, սակայն ոչ այն աստիճան, որքան Իրանը։
բ) Թուրքիան դեմ է արտահայտվել Իրանի՝ միջուկային զենք ունենալուն, սակայն ոչ այնքան, որքան ԱՄՆ-ը։ գ) Թուրքիան դատապարտել է Գազայի հատվածին Իսրայելի հարվածները, սակայն ոչ այնքան, որքան Եգիպտոսն ու Հորդանանը։
դ) Թուրքիան մասնակցել է Պակիստանում սուննի երկրների հավաքին, սակայն ոչ այնքան բարձր մակարդակով, որքան Սաուդյան Արաբիան,
ե) Թուրքիան բանակցել է Իրաքի սուննի դիմադրության խմբերի հետ, սակայն չի հղել այնպիսի ուղերձներ, որպիսիք հղել են Սաուդյան Արաբիան, Հորդանանը կամ Եգիպտոսը։
Ամփոփելով այս բաժինը՝ նշենք, որ այս ամենն ի ցույց է դնում երկու ուշագրավ հանգամանք. ա) 2000-ականներին և ընթացիկ տասնամյակի սկզբին Թուրքիան լավ հարաբերությունների մեջ էր հարևան երկրների, տարածաշրջանի երկրների հետ, ինչն էլ հնարավոր դարձրեց Թուրքիայի վերոնշյալ միջնորդական առաքելությունները։ բ) Թուրքիան հակամարտող կամ պարզապես միմյանց հետ խնդիրներ ունեցող տարբեր կողմերի համար հիմնականում կարողացել է ներկայանալ որպես չեզոք ու կանխատեսելի երկիր, ինչն էլ հնարավոր է դարձրել նրա միջնորդական առաքելությունները։ գ) Թուրքիան մեծ դեր է խաղացել տարածաշրջանի երկրների, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար, ինչն էլ մեծացրել է նրա նշանակությունն ու պահանջարկը տարածաշրջանում և ողջ աշխարհում։
ՌԻԹՄԻԿ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հարևանների հետ հարաբերություններում «զրո խնդրին» հասնելու և միջնորդական ջանքեր գործադրելու համար Թուրքիայից, բնականաբար, պահանջվում էր վարել ռիթմիկ դիվանագիտություն։ Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները և հատկապես Ռ. Էրդողանն ու Ա. Գյուլը շարունակ այցելում էին բոլոր տարածաշրջաններ։ Միայն 2003թ. Թուրքիայի վարչապետի ու արտգործնախարարի այլ երկրներ այցելությունների թիվը գերազանցեց 60-ը։
Նույն 2003թ. Թուրքիա այցելեց 9 նախագահ, 14 վարչապետ և 25 արտգործնախարար։ 2009թ. Ալի Բաբաջանն ու Ա. Դավութօղլուն Թուրքիայի արտգործնախարարի կարգավիճակով կատարել են 93 արտասահմանյան այց, որոնցից 51-ը՝ դեպի ԵՄ երկրներ, 22-ը՝ Մերձավոր Արևելքի երկրներ, 17-ը՝ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրներ։
2003-2014թթ. Էրդողանը Թուրքիայի վարչապետի կարգավիճակով 305 այց է կատարել դեպի 5 բնակելի մայրցամաքների 93 երկրներ՝ հաղթահարելով 2.150.000 կմ։ Էրդողանը տարեկան այցելել է միջին հաշվով 28 երկիր։ 11 տարում այդ 93 երկրների հետ Թուրքիայի արտաքին առևտրի ծավալն աճել է 354%-ով՝ կազմելով 358.4 մլրդ $, մինչդեռ 2002թ. այդ ցուցանիշը 79 մլրդ $ էր։ Էրդողանն ամենաշատն այցելել է Եվրոպա՝ 35 երկիր և 125 այց, իսկ երկրներից՝ Գերմանիա՝ 15 այց.
Տարածաշրջաններ | Երկրներ | Այցեր | Երկրներ | Այցեր |
Եվրոպա | 35 | 125 | Գերմանիա | 15 |
Ասիա | 17 | 47 | ԱՄՆ | 14 |
Մերձավոր Արևելք | 14 | 55 | Ադրբեջան | 12 |
Աֆրիկա | 12 | 24 | Բելգիա | 12 |
Կենտրոնական Ասիա և թյուրքական երկրներ | 7 | 30 | ՌԴ | 11 |
Ամերիկա | 6 | 22 | Սաուդյան Արաբիա | 11 |
Ավստրալիա | 2 | 2 | Սիրիա | 11 |
Ընդհանուր | 93 | 305 | Մեծ Բրիտանիա | 9 |
Իսկ Ա. Գյուլն իր նախագահության 7 տարում սահմանել է 3 ռեկորդ: Խոսքն ամենաշատ երկրներ այցելելու, օտարազգի գործընկերների հետ ամենաշատ հանդիպումներ ունենալու և երկրի ներսում ամենաշատ այցեր կատարելու մասին է: Այդ համատեքստում Ա. Գյուլին հաջողվել է անել ավելին, քան Թուրքիայի նախկին մի քանի նախագահներ միասին վերցրած: Գյուլն այդ 7 տարում կատարել է 110 արտասահմանյան այց` գտնվելով 84 երկրում, ինչպես նաև ընդունել է մոտ 500 օտարազգի հյուրի, որոնցից 116-ը պետության ղեկավարներ են:
Թուրքիայի վարած ռիթմիկ դիվանագիտությունում իր ուրույն տեղն ունի նաև Ա. Դավութօղլուն. 2009թ. օգոստոսի 30-ին Դավութօղլուն Սլովենիայում էր, ուր բանակցում էր բալկանյան երկրների արտգործնախարարների հետ։ Նույն օրվա գիշերը նա մեկնում է Բաղդադ՝ կապված Իրաքի ու Սիրիայի միջև ծագած լարվածության հետ։ Առավոտյան ժամերին նա բանակցում է իրաքյան իշխանությունների հետ, ապա մեկնում է Դամասկոս՝ հակամարտող մյուս կողմի հետ բանակցելու։
Սիրիայի մայրաքաղաք թռչելու ճանապարհին Դավութօղլուն զբաղվում է հայ-թուրքական արձանագրությունների խնդրով. օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակեցին նախաստորագրված երկու արձանագրությունները, ինչպես նաև տարածեցին հայտարարություն, ըստ որի՝ Երևանն ու Անկարան համաձայնվել են նախաստորագրված արձանագրությունների շուրջ սկսել քաղաքական ներքին խորհրդակցություններ: Դամասկոսից Դավութօղլուն ուղևորվում է դեպի Կիպրոս՝ բանակցելու համար ՀԿԹՀ ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթի հետ։ Նրա հետ բանակցելուց հետո Դավութօղլուի օդանավը մեկնում է Միջերկրական ծովի մյուս ծայրը՝ Կահիրե՝ քննարկելու համար Եգիպտոսի ու Սուդանի սահմանային խնդիրների հարցը։
Արտգործնախարարի պաշտոնում առաջին տարին բոլորելիս Դավութօղլուն կատարել էր արդեն 100 արտասահմանյան այց։ Մեկ տարում արտերկրում նրա անցկացրած երկկողմ հանդիպումների թիվը հասնում էր 520-ի։
Ընդ որում՝ եղել է այնպիսի ժամանակ, երբ Դավութօղլուն 5 օրում 60 ժամ անցկացրել է օդում (օդանավում)։ Ուշագրավ է 2010թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը.
«Ուր էլ որ գնում եմ, ինձ ասում են, որ Դավութօղլուն նոր է հեռացել այստեղից»։ 2009թ. սեպտեմբերին էլ Գորդոնը Բրյուսելում հայտարարեց. «… Երբ գործ ունես Թուրքիայի հետ, դու գործ ունես էներգիայի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի, Իրանի, Կիպրոսի, Հունաստանի հետ. գրեթե չկա մի հարց, որի հետ Թուրքիան կապ չունենա»։ Սրանք ինքնին խոսուն փաստեր են 2000-ականներին արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի գրանցած հաջողությունների մասին։
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԴԵՐՆ ՈՒ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Աշխարհի դիվանագիտական շրջանակներում Ա. Դավութօղլուն հայտնի է որպես «բոլորի հետ լեզու գտնել կարողացող մարդ»։ 2007թ. բրիտանական The Economist պարբերականը գրեց, որ Ա. Դավութօղլուն վարչապետ Ռ. Էրդողանին ամենամոտ կանգնած անձանցից է, և հենց նա է կանգնած արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր որոշումների հետևում. «Ասել Թուրքիայի արտաքին քաղաքականություն, նշանակում է Ահմեթ Դավութօղլու»։
Դավութօղլուն կարևորում էր, որ Թուրքիան Արևմուտքում ընկալեն որպես արևելքցի, իսկ Արևելքում՝ արևմուտքցի։ Գ. Զենգինը Դավութօղլուին համարում է բավական ռեալիստ քաղաքական գործիչ և որպես դրա ապացույցներից մեկը ներկայացնում է հետևյալը։ 2003թ. Դավութօղլուն թեև դեմ է արտահայտվել մարտի 1-ի օրինագծին, որը նախատեսում էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հարավ-արևելքում Իրաքի դեմ երկրորդ ճակատի բացում, սակայն դրա հետ մեկտեղ մի քանի ամիս անց (հոկտեմբերին) նա կողմ է արտահայտվում Իրաքում թուրք զինծառայողների գործունեություն ծավալելու մասին օրինագծին, քանի որ արդեն մարտադաշտը չէր առնչվում Թուրքիայի տարածքին, արդեն չկար քիմիական հարձակման ենթարկվելու վտանգ։
Մեկ այլ օրինակ. Թուրքիան ՄԱԿ ԱԽ-ում դեմ է արտահայտվում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, սակայն Դավութօղլուն դրա հետ մեկտեղ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ Բոսնիա-Հերցեգովինայի առաջնորդ Հարիս Սլաջիչին խորհուրդ է տալիս կողմ քվեարկել դրան, որպեսզի Բոսնիա-Հերցեգովինան խնդիրների չբախվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ Մինչդեռ պատժամիջոցներին դեմ արտահայտվելու դեպքում հարցականի տակ կդրվեր ՆԱՏՕ-ին Բոսնիա-Հերցեգովինայի անդամակցությունը։
2011թ. The New York Times-ը գրեց, որ Դավութօղլուն 2009թ. միջնորդություն նախաձեռնեց Բոսնիայի ու Սերբիայի միջև, որոնց փոխհարաբերությունները հեշտ չեն եղել 1990-ականների քաղաքացիական պատերազմից ի վեր։ Այն ժամանակ նա Սարաևոյում հանդիպեց Հ. Սիլաջիչի հետ, ով հայտնի էր շատ ծխելով։
Մինչդեռ Դավութօղլուն՝ որպես բարեպաշտ մուսուլման, ընդհանրապես չէր ծխում։ Չնայած դրան՝ Դավութօղլուն այդ անգամ բացառություն է արել, ծխել է Սիլաջիչի հետ։ Վերջինիս մտահոգությունը կիսելու համար Դավութօղլուն ասել է «տո՛ւր մի հատ էլ ես ծխեմ»։ Այդ գիշեր 4 ժամ տևած բանակցությունների ժամանակ սպառվել է 4 տուփ ծխախոտ։ Բանակցություններն անցել են հաջող, Սիլաջիչը որոշել է ընդունել սերբերի ներողությունը, և այդպիսով լուծում է տրվել ճգնաժամին։ Դավութօղլուն իր այս դիվանագիտությունը կոչեց «Ծխել ինչպես բոսնիացին»՝ ելնելով նրանից, որ Արևմուտքում բավական հայտնի է «Ծխել ինչպես թուրքը» արտահայտությունը։
Այս ամենն ի ցույց է դնում Դավութօղլուի նպատակամղվածությունը։ Դավութօղլուն հայտնի է եղել նաև արտաքին քաղաքական ոլորտում անակնկալներ մատուցելով, որոնցից մեկն արդեն նշվեց։
Նրա անակնկալների շարքում են նաև 2003թ. Անկարայում Իրաքի հարևան երկրների գագաթաժողովի կազմակերպումը, 2003թ. Կիպրոսում «Կանաչ գծի» նախաձեռնությունը (ՀԿԹՀ-ի իշխանությունները մեղմացրեցին «Կանաչ գծի» երկայնքով անցումային ռեժիմը, ինչը շատ կիպրացիների հնարավորություն տվեց վերջին 30 տարում առաջին անգամ այցելել հարազատ վայրեր), 2005թ. տարածաշրջանի իսլամական դիմադրության կազմակերպությունների հետ հանդիպումները, 2006թ. ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիդ Մեշալի այցն Անկարա, 2008թ. Սիրիայի ու Իսրայելի միջև բանակցությունների վերսկսումը, Կովկասում կայունության ու խաղաղության հարթակ ձևավորելու առաջարկը, 2009թ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, 2009թ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Դանիայի նախկին (2001-2009թթ.) վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի թեկնածությանը դեմ արտահայտվելը (Թուրքիայի այդ դիրքորոշումը կապված էր երկու հիմնական գործոնի հետ. Դանիայում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ ծագած ճգնաժամ և քրդական Roj TV հեռուստաալիքի գործունեություն, որը թուրքական կողմի պնդմամբ՝ իրականացնում էր PKK-ի օգտին քարոզչություն և փակվեց 2012թ.)։ Ի դեպ, 1952-2009թ. ՆԱՏՕ-ն ունեցել է 11 գլխավոր քարտուղար, և Թուրքիան որևէ անգամ չի առարկել այդ հարցում։ 2009թ. իրավիճակը, սակայն, փոխվեց, և ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր բանակն ունեցող Թուրքիան առաջին անգամ ասաց. «Ես էլ կարծիք ունեմ»։
2010թ. նոյեմբերի վերջին Ա. Դավութօղլուն ամերիկյան Foreign Policy պարբերականին տված հարցազրույցի ժամանակ (Foreign Policy-ի լրագրող Բլեյք Հունշելին հարցազրույցի մասին հոդվածը վերնագրել էր «Պարոն Զրո խնդիրը») հայտարարեց. «2003թ., երբ զբաղեցնում էի վարչապետի՝ գլխավոր խորհրդականի պաշտոնը, իմ առաջին հարցազրույցներից մեկում ասացի, որ մենք ստիպված ենք ունենալ զրո խնդիր մեր հարևանների հետ։ Շատերը կարծեցին, թե ես տիպիկ ուտոպիստ գիտնական եմ, թե ինչպես կարելի է հասնել դրան։
Սակայն վերջին 8 տարիները հօդս ցնդեցրեցին այդ մտքերը: Այսօր դա իրականություն է: Խաղաղության հասնելու համար պետք է ստեղծագործ լինել»: Դավութօղլուն նաև նշել էր, որ իր քաղաքական հայացքների վրա մեծապես ազդել է Մահաթմա Գանդին, ով իր քաղաքական նպատակներին հասնելու համար կիրառել է ոչ ավանդական մեթոդներ:
Ընդգծենք, որ, Դավութօղլուն, ամենայն հավանականությամբ, «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարն առաջ քաշելիս ներշնչվել է Մ. Գանդիի արտահայտած հետևյալ թևավոր խոսքից. «Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա պայքարում են քո դեմ, իսկ վերջում դու հաղթում ես նրանց»:
Չպետք է մոռանալ նաև Գանդիի այն խրատը, ըստ որի` «եթե ցանկանում ես, որ ապագայում փոփոխություն լինի, ապա այժմ դու ինքդ պետք է դառնաս այդ փոփոխությունը»։ Եվ պատահական չէր, որ 2010թ. Foreign Policy-ն Դավութօղլուին ճանաչեց տարվա լավագույն դիվանագետներից մեկը` «Նոր Քիսինջեր»: Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Փարիսն էլ Դավութօղլուին որակեց որպես «Թուրքիայի Հենրի Քիսինջեր»։ Ակնհայտ է, որ Դավութօղլուին Քիսինջերի հետ համեմատելը կապված էր Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության, Թուրքիայի միջնորդական առաքելությունների հաջողության հետ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Վերոնշյալը վկայում է, որ ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանում՝ 2000-ականներին, Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը մեծ հաջողություններ ունեցավ, և որ այն չի տապալվել։ Թուրքիան տվյալ քաղաքականության շրջանակներում գործնական քայլեր կատարեց անմիջական հարևանների և մերձակա երկրների հետ հարաբերությունների կարգավորման ու զարգացման ուղղությամբ, ինչը դրականորեն ազդեց նաև տնտեսական ցուցանիշների վրա, որն էլ իր հերթին ազդեց Թուրքիայում կենսամակարդակի բարձրացման վրա։ Իհարկե «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը չէր նշանակում, թե Թուրքիան պետք է իսկապես զրո խնդիր ունենար հարևանների հետ, քանի որ հաճախ տարաձայնություններ, խնդիրներ են ունենում անգամ ամենասերտ դաշնակիցները՝ էլ չխոսած հարևան երկրների մասին։
Ինչպես նշել է Ա. Դավութօղլուն, «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շնորհիվ թուրք ժողովուրդն իր հարևաններին սկսեց դիտարկել ոչ թե որպես խնդիրների և պոտենցիալ սպառնալիքների աղբյուր, այլ որպես համագործակցության և գործընկերության ասպարեզ»։
«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը Թուրքիային հնարավորություն տվեց ոչ միայն կարգավորել ու բարելավել հարաբերությունները հարևան ու շրջակա երկրների հետ, այլև միջնորդական մեծ առաքելություն կատարել նրանցից շատերի միջև և մեծացնել սեփական պահանջարկը ողջ տարածաշրջանում։ Թուրքիան, բնականաբար, «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, ինչպես նաև միջնորդական ջանքերը շարունակեց նաև ընթացիկ տասնամյակում, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունում սկսեցին գերակայել արդեն նեոօսմանիզմի, իսլամական աշխարհի առաջնորդի, տարածաշրջանային գերտերության վերածվելու միտումները։
Ընթացիկ տասնամյակում Թուրքիան սկսեց վարել արդեն կոշտ արտաքին քաղաքականություն, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Թուրքիան մեծացրեց իր հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը։ Ընդ որում՝ Թուրքիային նման կոշտ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն ընձեռեց հենց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։
Այս համատեքստում մեջբերենք Դավութօղլուի հետևյալ խոսքերը. «Երբ մտածում ենք այն հոգեբանությամբ, թե շրջապատված ենք թշնամիներով, նախաձեռնությամբ հանդես գալու փոխարեն առաջնորդվում ենք պաշտպանողական ռեֆլեքսով։ Երբ հասնենք մեր հարևանների հետ զրո խնդիր մակարդակին, այդ ժամանակ արտաքին քաղաքականության վարման առումով վերին աստիճանի մանևրելու լայն դաշտ կստանանք»։
Եվ ահա Դավութօղլուի, Էրդողանի, Գյուլի և մյուսների ջանքերի շնորհիվ Թուրքիան բարելավեց հարաբերությունները հարևանների հետ, ստացավ արտաքին քաղաքականություն վարելու առումով առավելագույնս մանևրելու լայն դաշտ և անցում կատարեց կոշտ արտաքին քաղաքականություն վարելուն։ Թուրքիան սկսեց իր հարևան և շրջակա երկրների հետ խնդիրներ ունենալ արդեն տվյալ և ոչ թե «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում։ Իհարկե, խնդիրների առաջացմանը կամ խորացմանը նպաստեցին նաև տարածաշրջանային զարգացումները («Արաբական գարուն») և Թուրքիայի ներքաղաքական զարգացումները («Քրդական հարց», ռազմական հեղաշրջման փորձ, Էրդողանի ներքին քաղաքականության սաստկացում), որոնց պատճառով նույնպես Թուրքիան սկսեց խնդիրներ ունենալ տարբեր երկրների հետ։
Այդ ամենը լրջորեն սահմանափակեց Թուրքիայի միջնորդական առաքելությունների շրջանակը և նվազեցրեց Թուրքիայի պահանջարկը տարածաշրջանում ու համայն աշխարհում։
Արդյունքում, 2000-ականների «մեծ միջնորդ» Թուրքիան 2010-ականներին վերածվեց միջնորդների կարիք ունեցող երկրի։ Այդ ամենի մասին մանրամասնորեն կխոսվի հոդվածի երկրորդ մասում։
Հետազոտության 2-րդ մասը՝ հաջորդիվ:
Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)