Ճապոնական հեռուստաալիքը սխալմամբ հաղորդել է հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին
NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ է անում:
Համապատասխան շտապ հաղորդագրությունը հեռուստաալիքի կայքում հայտնվել է տեղական ժամանակով ժամը 18:55-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:55-ին), սակայն արդեն հինգ րոպե անց փոխարինվել Է ծագած անճշտության վերաբերյալ տեղեկատվությամբ:
«NHK-ի կայքում եւ հավելվածում տարածված հաղորդագրությունն այն մասին, որ J-Alert համակարգը գործել է Հյուսիսային Կորեայում հրթիռի արձակման պատճառով, սխալմունք է եղել: Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշել է հեռուստաալիքը:
Սկզբնապես NHK-ի տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, որ «Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, եւ կառավարությունը բնակչությանը կոչ է անում պատսպարվել շենքերում եւ գետնի տակ»:
Ավելի վաղ հունվարի 13-ին մոտեցող բալիստիկ հրթիռի մասին ոչ ճիշտ հաղորդագրություն էր ուղարկվել ԱՄՆ-ի Հավայիի նահանգի բնակիչներին արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներից մեկի՝ հերթափոխի ժամանակ թույլ տված սխալի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: