Կոսովոյում սպանվել է սերբական կուսակցության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը. Blic
«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում: Այդ մասին հայտնել է Blic թերթը՝ վկայակոչելով քաղաքական գործչի փաստաբանին: «Ինչպես երեւում է, նա մահացել է հենց տեղում:
Այժմ մեզ հայտնի է, որ նա հրազենային հինգ վերք է ստացել: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները փորձել են նրան փրկել, բայց՝ ապարդյուն»,-հրատարակությանը հայտնել է Իվանովիչի փաստաբան Նեբոյշա Վլայիչը: Կոսովոյի ոստիկանությունը հաստատել է մահափորձի փաստը, հայտնելով, որ քաղաքական գործիչը գտնվում է հիվանդանոցում, իսկ բոլոր իրավապահներն ուղարկվել են՝ գտնելու հարձակվողներին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մահափորձը կատարվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր կուսակցության շենք:
Ներկայում Կոսովսկա-Միտրովիցայում կուսակցության շենքի եւ հիվանդանոցի մոտ մարդիկ են հավաքվում, ոստիկանությունը արգելափակել է հարակից թաղամասերը: Օլիվեր Իվանովիչը կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն էր, անցյալում Սերբիայի կառավարությունում զբաղեցրել է Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը: 2016 թվականին նա դատապարտվել էր ինը տարվա բանտարկության, բայց ավելի ուշ ազատ էր արձակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: