«Ելքն» առաջարկում է, որպեսզի անձը խաղատներ այցելելու ինքնարգելանքի դիմում ներկայացնելու հնարավորություն ունենա
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք առաջարկում են՝ լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգվեն խաղասրահ մուտք գործող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող որևէ փաստաթուղթ, որը պարունակում է տարիքի վերաբերյալ տեղեկություն.
«Նաև առաջարկում ենք, որ մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված մարդու խաղասրահ կատարած գործողությունները սահմանափակվեն, և դրա համար կարգ է նախատեսվում»:
Է. Մարուքյանը նկատեց, որ գործող օրենսդրությամբ՝ մինչև 21 տարեկան մարդիկ չեն կարող գնալ խաղասրահ, խաղալ, խաղադրույք կատարել, սակայն այժմ չունենք ընթացակարգեր, որով խաղատներում ստուգում են մարդկանց փաստաթղթերը:
«Մենք առաջարկել էինք, որ նաև լինի «self-exclusion», սակայն կառավարության հետ բանավեճի արդյունքում այս մասով մենք զիջեցինք, բայց ապագայում ևս պատրաստվում ենք նախագիծ ներկայացնել: Օրինակ, անձը, որն ունի թուլություն՝ գնալու խաղատներում գումարներ տարվելու, առաջարկում ենք, որ նա կարողանա գնալ լիազոր մարմին՝ Ֆինանսների նախարարություն, հայտարարություն տա, որ՝ ես ինքս ինձ արգելում եմ այցելել ՀՀ-ի ցանկացած խաղատուն: Երբ ինքը մի օր ալկոհոլի ազդեցության տակ գնա խաղատուն, իր անձը հաստատող փաստաթղթով ստուգեին և թույլ չտային, որ նա մուտք գործի խաղատուն: Մենք չենք հրաժարվել գաղափարից»,- նշեց Է. Մարուքյանը՝ հստակեցնելով, որ դրա վերաբերյալ առանձին նախագիծ են ներկայացնելու:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատ կարևոր նախաձեռնություն է. «Ինչո՞ւ է կառավարությունը դեմ ինքարգելանքին, եթե մարդն ընդունում է, որ ինքը հիվանդ է, հիմնավորումը ո՞րն է կառավարության»:
Ի պատասխան՝ Է. Մարուքյանն ասաց. «Իրենք պնդում էին, որ Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի: Բայց մենք ասում ենք, որ ինքնարգելքի հայտարարություն տալով՝ մարդը չի դառնում սահմանափակ գործունակ, խոսքը վերաբերում է միայն խաղատուն այցելելուն»:
Ն. Զոհրաբյանն էլ պատմեց, որ, երբ ինքը «Հայկական Ժամանակ» թերթում էր աշխատում, հետաքննական նյութ էր պատրաստել այդ մասին, և քաղաքացիներն ասել էին, որ, եթե օրենքով իրենց արգելված լիներ, իրենք այդ քայլին չէին գնա: Նա կառավարությանն առաջարկեց, որ անպայման նախատեսեն դա հետագայում: