Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին երկրի տարածքում հիշատակի մի շարք միջոցառումներ կիրականացվեն: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս տեղի ժամանակով 15:00-ին Դինքի ոգեկոչման արարողություն կլինի նրա սպանության վայրում՝ «Ակոս»-ի նախկին խմբագրատան դիմաց:
Ստամբուլի Բողազիչիի համալսարանում Դինքի հիշատակին կազմակերպվող «Հրանտ Դինքը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը» խորագրով կոնֆերանսին հունվարի 17-ին ելույթ կունենա ֆրանսիացի մարքսիստ մտավորական Էթյեն Բալիբարը:
Նույն օրը քաղաքի Ջեզայիր սրահում քննարկում կկազմակերպի հայտնի DurDe կազմակերպությունը: Ներկա կլինեն և ելույթներ կունենան Դինքի սպանության գործով փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, գրող և լրագրող Ումիթ Քըվանչը և ակտիվիստ Յըլդըզ Օնենը: Քննարկման հիմնական հարցը լինելու է սպանության իրական մեղավորների բացահայտման համար տարվող պայքարը:
Ակնկալվում է, որ Դինքի սպանության տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների մի շարք քաղաքներում:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: