Յակուտիայում հարյուրից ավելի դպրոցներ են փակվել մինուս 50-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում
Յակուտիայի 13 շրջանների հարյուրից ավելի դպրոցներում ուսումնական գործընթացը սահմանափակված է օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության արտակարգ ծառայությունների մի աղբյուր: Յակուտիայի հիդրոօդերեւութաբանական ծառայության վարչության տվյալներով՝ հունվարի 15-ին տարածաշրջանի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը ցած է ընկել մինուս 50 աստիճանից: Օրինակ, Օյմյակոնում եւ Դեպուտատսկի ավանում եղել է մինուս 53 աստիճան, Ուստ Ներում՝ մինուս 54, Բատագայում՝ մինուս 55, Վերխոյանսկում՝ մինուս 56 աստիճան:
Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում գրանցվել է մինուս 39 աստիճան: «Օդի ջերմաստիճանի նվազման կապակցությամբ ուսումնական գործընթացը սահմանափակված է Յակուտիայի 13 շրջաններում: Ընդհանուր առմամբ պարապմունքները դադարեցված են 107 դպրոցներում, որտեղ սովորում են 9,6 հազարից ավելի երեխաներ»,-ասել է գործակալության զրուցակիցը: