Վերնիսաժի սպանության գործով խաղալիք զենք է անցնում, որը որոնել ու չեն գտել. «ՀԺ»
2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը լրացուցիչ հարցաքննվել է: Նախաքննական մարմնի կողմից նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Միջնորդությունը դատարանը կքննի մոտ օրերս: 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվում է արդեն երկրորդ անգամ:
Այդ օրը՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից հրազենային վիրավորում էր ստացել քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանը, իսկ նրա ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը սպանվել էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ սպանությունը ծրագրված է եղել նախապես. ըստ այդմ՝ գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Երեւանի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում, իսկ մյուս երկուսը՝ 2017 թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել են Վրաստանում: Նրանց դեռ Հայաստան չեն տեղափոխել:
– Տիկին Ֆարմանյան, ի՞նչ փուլում է գործով նախաքննությունը, ավարտի մասին տեղեկություններ կա՞ն:
– Ավարտի վերաբերյալ դեռ որեւէ տեղեկատվություն չունեմ:
– Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Ռաֆիկ Խաչատրյանը նոր հանգամանքներ հայտնե՞լ է:
– Ես իր դիրքորոշումը սպառիչ հայտնել եմ այն ժամանակ, երբ իրեն ոչ գեղեցիկ ձեւով՝ սեւ գլխաշորով, թեւերը ոլորելով բերման էին ենթարկել: Նա նշում է, որ դեպքին մասնակցություն չունի, անձնական կապեր կամ անձնական վրեժ այդ անձանց (տուժողների,-հեղ.) հանդեպ չունի:
– Տիկին Ֆարմանյան, ամիսներ առաջ բարձրաձայնել էիք ձեր պաշտպանյալի առողջական խնդիրների մասին, լուծում ստացա՞ն այդ խնդիրները:
– Առողջական խնդիրների մասով, լեղապարկի եւ լյարդի հետ կապված խնդիրներ ուներ, գլխացավեր: Բազմիցս քրեակատարողական հիմնարկին դիմել եմ հետազոտության ենթարկելու համար, սակայն տեւական ժամանակ բժշկական հետազոտությունների չէր ենթարկվում: Մի կերպ հասանք նրան, որ նրան հետազոտեցին, հիմա բուժումներ են նշանակել, տեսնենք ինչ արդյունք կտա:
– Իսկ ի՞նչ եք կարծում, եթե հետախուզվողներին տեղափոխեն Հայաստան, նույն վարույթում կքննե՞ն, թե ձեր պաշտպանյալի մասով գործից մաս կանջատեն:
– Դեռ մաս չի առանձնացված, բայց կարծում եմ զուտ տեխնիկական տեսանկյունից, որ մարդուն անորոշ ժամկետով անազատության մեջ չպահեն, ողջամիտ կլինի, որ իմ պաշտպանյալի մասով մաս առանձնացվի: Եթե նրանց մոտ ամիսներին չտեղափոխեն Հայաստան, ապա նախաքննության մարմինն էլ կարծում եմ կգնա այդ քայլին:
– Ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ ձեր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ ձեր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Հայտնաբերվե՞ց այդ ոչ իրական զենքը:
– Նա մասնակցել է քննչական փորձարարության ու տեղը նշել, թե որտեղ է այն նետել, բայց զառիվայր տեղ էր, ժայռոտ, հետեւաբար հնարավոր չէր այդ պայմաններում ինչ-որ բան գտնել, չնայած նախաքննական մարմինը փորձարարության ընթացքում որոնողական միջոցառումներ ձեռնարկեց, սակայն զենքը չհայտնաբերվեց:
– Ասացիք, ոչ իրական, այսինքն՝ ձեր պաշտպանյալը դեպքի օրը իջե՞լ է մեքենայից եւ խաղալիք զենքո՞վ է եղել:
– Այո, դա իր դիրքորոշումն է, ինքն այդպես է ցուցմունք տալիս:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: