«Այսօր ԱԺ-ում պատմական իրադարձություն է». ԱԺ-ում քննարկվում է եզդիների ցեղասպանությունը դատապարտող ԱԺ հայտարարությունն ընդունելու հարցը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին ԱԺ հայտարարության նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀԿ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում՝ խորհրդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխարգելելով հետագայում նման երևույթների դրսևորումները:

«ԻԼԻՊ-ի կողմից վայրագությունների արդյունքում զոհվեցին տասնյակ-հազարավոր եզդիներ, նույնքան ժողովուրդ էլ գերեվարվեց: Նախագիծը ոչ միայն ճանաչում և խստորեն դատապարտում է եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած անձանց և ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսևորումները կանխելու համար»,- հայտարարեց Ռ. Մախմուդյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով էլ՝ այսօր ԱԺ-ում պատմական իրադարձություն է. «ՀՀ-ի ԱԺ-ն քննարկում է մեր եղբայր եզդի ժողովրդի զավակների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման նախագիծը: ԱԺ-ում լավ ավանդույթ է ձևավորվել, երբ բոլոր քաղաքական ուժերը, անկախ իրենց ներքաղաքական տարաձայնություններից, ցեղասպանության դատապարտման ոլորտում ունեն միասնական դիրքորոշում: Այսօր էլ բոլոր 4 խմբակցությունների առաջարկով քննարկում ենք այս նախագիծը»:

Տեսանյութեր

Լրահոս