Կալիֆորնիայում մեկուսացվել է նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը
Կալիֆորնիայում շուրջ մեկ ամիս շարունակվող և նահանգի պատմության մեջ ամենախոշորը համարվող «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը հունվարի 12-ին հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թոմաս» հրդեհը 100 տոկոսով մեկուսացվել է»,- ասվում է Կալիֆորնիայի հակահրդեհային պահպանության վարչության հաղորդագրության մեջ: Ներկայումս դեռևս պարզվում են հրդեհի առաջացման պատճառները:
Հրդեհը գրավել է 114 հազար հեկտար տարածք:
Կալիֆորնիայում անտառային հրդեհները սկսվել են 2017 թվականի դեկտեմբերի 4-ից: Կրակի տարածմանը նպաստել են չոր եղանակն ու ուժեղ քամիները: Ընդհանուր առմամբ նահանգի տարածքում բռնկվել էր վեց հրդեհ, որից ամենախոշորը ստացել էր «Թոմաս» անվանումը: Հրդեհի հետևանքով տարհանվել էին նահանգում բնակվող տասնյակ հազարավոր մարդիկ: «Թոմաս» հրդեհը դարձել է Կալիֆորնիայի պատմության մեջ խոշորագույնը: