«Եվրամիությունն իրանական միջուկային գործարքը կպաշտպանի ցանկացած սպառնալիքից.» Զիգմար Գաբրիել
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը՝ ամփոփելով Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ Իրանի ԱԳ նախարարի բանակցությունների արդյունքները:
«Սա միասնական դիրքորոշում է: Մենք ցանկանում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) պաշտպանել այն խախտող բոլոր որոշումներից՝ ում կողմից էլ որ դրանք ստացվեն»,-ասել է նա:
Գաբրիելը նաեւ հայտարարել է մերձավորարեւելյան տարածաշրջանի խնդրահարույց թեմաները եվրոպական երկրների հետ քննարկելու Թեհրանի պատրաստակամության մասին: «Մենք այսօր պայմանավորվեցինք, որ շատ արագ երկխոսություն ենք սկսելու կոնֆլիկտային թեմաների շուրջ: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր առաջարկն ընդունվեց»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Իր հերթին ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ իրանական ԳՀՀԾ-ի կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա: Նա նաեւ ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքն աշխատում է, եւ ԵՄ-ն շարունակելու է պնդել դրա ամբողջական կատարումը բոլոր մասնակիցների կողմից:
«Իրանի կողմից ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների ամբողջական կատարումը հաստատված է ՄԱԳԱՏԷ-ի ինը հաշվետվություններում: Կազմակերպությունը հավաստել է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Այդ համաձայնագիրը թույլ է տալիս հսկողություն ապահովել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ: Ուստի ԵՄ-ն պնդում է, որ բոլոր մասնակիցները շարունակեն կատարել իրենց հանձնառությունները»,-ասել է Մոգերինին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: