Օփրա Ուինֆրին ավելի մեծ ժողովրդավականություն է վայելում ամերիկացիների շրջանում, քան Թրամփը
Ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հեշտությամբ հաղթանակ կտաներ Դոնալդ Թրամփի նկատմամբ, եթե հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2020 թվականին, անցկացվեին այժմ:
Դա ցույց են տվել հունվարի 10-ին հրապարակված համազգային հարցման արդյունքները, որը Rasmussen Reports սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացվել է հունվարի 8-9-ին։ Ընտրողների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, կքվեարկեր Ուինֆրիի օգտին, Թրամփի օգտին՝ 38 տոկոսը: Հարցման մասնակիցների եւս 14 տոկոսը հայտարարել է, որ իրենք դեռ կարծիք չունեն այդ հարցի վերաբերյալ:
Հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ, վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը: Ուինֆրիին կպաշտպաներ դեմոկրատների 76 տոկոսը, հանրապետականների 22 տոկոսը եւ այն ընտրողների 44 տոկոսը, որոնք չեն պատկանում երկրի երկու առաջատար կուսակցություններից երեւէ մեկին: Թրամփին իր ձայնը կտար հանրապետականների 66 տոկոսը, դեմոկրատների՝ 12 տոկոսը եւ «անկախ» ընտրողների 38 տոկոսը:
Գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիների մեծ մասը՝ 52 տոկոսը, կնախընտրեր Սպիտակ տան ղեկավար տեսնել Ուինֆրիին: Հարցումը նաեւ պարզել է, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի միլիարդատիրոջ օգտին հիմնականում պատրաստ են քվեարկել մինչեւ 40 տարեկան ընտրողները: Ուինֆրին սեփական կինոստուդիայի, հեռուստաալիքի, O, The Oprah Magazine հանդեսի սեփականատերն է: Թրամփը հունվարի 9-ին կարծիք է հայտնել, որ Ուինֆրին հազիվ թե մասնակցի նախագահական ընտրություններին, հավելելով, որ ինքն անձամբ հավանում է նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: