Իտալիայում վախճանվել է Դիմադրության լեգենդար մասնակից «Դ՛Արտանյանը»
Հունվարի 9-ին կյանքի 96-րդ տարում մահացել է իտալական Դիմադրության շարժման մասնակից Ամոս Մեսորին, որն Իվրեա քաղաքը փրկել է դաշնակիցների ռմբակոծությունից: Այդ մասին հայտնել է la Repubblica թերթը:
Մեսորին, որը պարտիզանների շրջանում կրում էր Դ՛Արտանյան մականունը, տասնյակ մարտական ընկերների հետ միասին դիվերսիոն գործողություն է իրականացրել, որը դարձել է նացիստական շրջափակումից Իտալիայի ազատագրման համար պատերազմի հերոսական դրվագներից մեկը:
Իմանալով դաշնակիցների օդուժի՝ Իվրեա քաղաքը ռմբակոծելու պլանների մասին՝ Ֆրանսիան եւ Իտալիան միացնող ռազմավարական կամուրջը ոչնչացնելու համար, պարտիզանները որոշեցին, որ իրենք կպայթեցնեն կամուրջը: Նրանք երկյուղում էին, որ ավիագրոհը բազմաթիվ զոհերի կհանգեցնի բազմահազարանոց քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում: 1944 թվականի դեկտեմբերի 23-ի գիշերը Դ՛Արտանյանը եւ պարտիզանները կարողացան խուսափել պարեկներից ու հսկիչներից եւ պայթանյութ դրեցին այն կամրջի տակ, որն ակտիվորեն օգտագործվում էր գերմանական զորքերի ու ռազմական տեխնիկայի տեղաշարժման համար:
Մեսորին եւ խմբի հրամանատարն անձամբ են թայմերը տեղադրել 30 րոպեով, ինչից հետո ջոկատն անվտանգ կերպով հեռացել է գործողության շրջանից: Ամոս Մեսորիի կյանքին է նվիրված գրող Սիմոնետա Վալենտիի «Պատանին, որը երազում էր թռիչքների մասին» գիրքը, որն ամփոփել է վետերանի հուշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: