Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նա առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները, հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, տարեցտարի խորանում և ամրապնդվում են: Նախագահի համոզմամբ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխվստահությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ լիբանանահայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, ինչը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանելու իրենց ինքնությունը, այլ նաև զարգանալու և ակտիվորեն մասնակցելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար՝ համակարծիք լինելով Նախագահի հետ, որ չնայած երկկողմ միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, սակայն դրանք շատ ամուր են՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների բարեկամությունը:

Դեսպան Դաղերը դրվատանքով է խոսել Լիբանանի հայ համայնքի մասին, որը ակտիվ մասնակցություն ունի երկրի զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Լիբանանն արդյունավետորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանրապետության Նախագահը և Լիբանանի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի տնտեսության նկատմամբ լիբանանցի գործարարների աճող հետաքրքրությունը՝ ընդգծելով ներդրումների խրախուսման ու գործարարների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին:

Տեսանյութեր

Լրահոս