Ֆրանսիայի առաջին տիկինը հագնվել էր չինական դրոշի գույներով
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիժիտ Մակրոնը, Սիան քաղաք պաշտոնական այցի համար ընտրել էր չինական դրոշի գույները: Այդ մասին հայտնել է The Telegraph-ը:
Չինաստան ուղեւորության ընթացքում ամուսնուն ուղեկցող տիկին Մակրոնը հագել էր Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան կարմիր վերարկու՝ ոսկեզօծ կոճակներով. նա սովորաբար նորաձեւության այս տանն է նախապատվությունը տալիս զգեստապահարանը ձեւավորելիս: Վերարկուի երանգը համընկնում է այդ երկրի դրոշի գույնի հետ, իսկ ոսկեզօծ կոճակները հիշեցնում են դրոշի դեղին խորհրդանշանների՝ մեկ մեծ եւ չորս փոքր հնգաթեւ աստղերի մասին:
Ֆրանսիայի նախագահն ինքը՝ Էմանուել Մակրոնը, ամբողջովին սեւ էր հագել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Vogue հանդեսի նորաձեւության փորձագետները Բրիժիտ Մակրոնին ներառել են 2017 թվականի ամենալավ հագնվող կանանց վարկանիշում: Բացի Ֆրանսիայի նախագահի կնոջից, այդ ցուցակում տեղ են գտել Նիկոլ Քիդմանը, Նաթալի Փորթմանը, Էմմա Սթոունը, Քլեր Ֆոյը, Զենդայա Քոուլմանը եւ Ռութ Նեգան, ինչպես նաեւ երգչուհիներ եւ մոդելներ Ռիհաննան, Զոյի Քրավիթցը եւ Սոլանժ Նոուլզը: