Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
Իսրայելցի ականավոր գիտնական Յաիր Աուրոնը 2017 թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով բոլոր ներքին փաստաթղթերը այն համաձայնագրերի և պարտավորությունների վերաբերյալ, որոնք Իսրայելի պետությունը ստանձնել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում:
Աուրոնի փաստաբան Էյթայ Մաքն արտգործնախարարություն ուղարկած խնդրանքում նշում է, որ «Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Իսրայելի ժխտումը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների, իսկ վերջին տարիներին նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերությունների հետ»:
Պրոֆ. Աուրոնի խնդրանքում, Իսրայելի տեղեկատվության ազատության օրենքի համաձայն, բացատրվում է, որ «Թուրքիան Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ուսումնական և ռազմական համակարգեր: Զենքի գծով գործարքները ներառում են ինքնաթիռների և տանկերի, ռադիոլոկացիոն և մոնիտորինգային համակարգերի, հրթիռների և զինամթերքի արդիականացում»: Ադրբեջանը ևս Իսրայելից գնել է մոտ 5 մլրդ դոլար արժողությամբ ժամանակակից զենքեր:
2011-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ, փոխարտգործնախարար Դանի Այալոնը և Կնեսետի կրթության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը միանշանակ կերպով բացառել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը՝ իսլամական աշխարհում Իսրայելի «գլխավոր» ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով»:
Պրոֆ. Աուրոնի նամակում նաև մեջբերումներ են արված «Մեր տունն Իսրայելն է» (“Yisrael Beiteinu”) աջակողմյան կուսակցության մի քանի ղեկավարներից, նշելով, որ նրանք չեն թողնելու, որ Կնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն է: Ի նպաստ Ադրբեջանի քարոզիչ և Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի խոսնակ Արյե Գուտը հաստատել է, որ «Լիբերմանը ադրբեջանա-իսրայելյան գործընկերության ճարտարապետներից է»:
RTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «տեսականորեն պատմական վիճահարույց հարց էր, և դրա ճանաչման բացակայությունը անպայմանորեն չի առնչվում Թուրքիայի հետ, այլ առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ [Իսրայելի] ռազմավարական հարաբերություններին»: Պրոֆ. Աուրոնը շեշտում է, որ այս փաստարկները շատ նման են նրանց, որոնք ժխտում են հրեական Հոլոքոստը:
Պրոֆ. Աուրոնն իր նամակում, որպես Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների օրինակ, տեղեկացնում է, որ 2016 թ. փետրվարի 26-ին «613 ծառ տնկվեց Խայիմ Վեյցմանի (Իսրայելի 1-ին նախագահ) անտառում՝ «Խոջալուի ցեղասպանության 24 ամյակի» առթիվ, 613 զոհերի հիշատակին, որին ներկա էր [Կնեսետի անդամ] Ավիգդոր Լիբերմանը:
Միայն Ադրբեջանը և Թուրքիան են նշում այս «ցեղասպանության» միջոցառումը: Վերջին տարիներին պաշտոնական Իսրայելը դարձել է ենթադրյալ Խոջալուի ցեղասպանության պահանջի ուղղակի և անուղղակի սատարողը: Խոջալուի ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. փետրվարին, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև դաժան պատերազմի ժամանակ: Կան մի քանի վարկածներ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ներառյալ զոհերի թիվը, սակայն մի հարցում միջազգային հանրությունը միակարծիք է՝ ոչ մի ցեղասպանություն, իր ընդհանուր սահմանմամբ, այնտեղ տեղի չի ունեցել»:
Պրոֆ. Աուրոնը եզրափակում է Իսրայելի կառավարությանն ուղղված իր խնդրանքը, նշելով, որ «կասկած չկա, որ Իսրայելի պետությունը ոչ միայն «առևտուր» է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այլ դրա վերաբերյալ իր վրա իրական պարտավորություններ է վերցրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ համաձայնագրերում:
Հետևաբար, փաստաբան Մաքը հատուկ պահանջում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գաղտնազերծի հետևյալ տեղեկատվությունը.
1) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, փոխըմբռնման և պայմանավորվածության փաստաթղթերը»:
2) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած նամակագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»:
3) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն»:
4) «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության որոշումներին և դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բողոքների լույսի ներքո»:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք Իսրայելի արտգործնախարարությունը կկատարի պրոֆ. Աուրոնի օրինական պահանջը: Թե ամերիկյան, թե բրիտանական կառավարությունները, որոնք ներքին տեղեկատվության բացահայտման պահանջների վերաբերյալ նմանօրինակ օրենքներ ունեն, արձագանքել էին իրենց քաղաքացիների նման պահանջներին՝ հրապարակային դարձնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը:
Հասկանալի է, եթե Իսրայելի կառավարությունը գաղտնիության պատճառով անընթեռնելի դարձնի գաղտնազերծված փաստաթղթերի որոշ հատվածներ՝ տեղեկատվությունը տրամադրող անձանց ինքնությունը պաշտպանելու կամ ազգային անվտանգության նկատառումներով:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի