Ծնողներն իրենց որդիներին հուզմունքով էին ճանապարհում բանակ

Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Զինկոմիսարիատում բուժզննություն անցնելուց հետո Գյումրու զինկոմիսարիատից բանակ մեկնեցին 2018 թվականի առաջին նորակոչիկները:

Այս անգամ նորակոչիկներին իրենց հարազատները ճանապարհեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից: Զորակոչվածները նույն զորամասում են ծառայելու:

Նորակոչիկներին ներկայացվեցին «Զինապարտության մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխությունները: Խոսքը երեք տարվա ծառայության, արձակուրդի և այլ արտոնությունների մասին է: Նորամուծությունների վերաբերյալ նորակոչիկներին տեղեկացրեց Գյումրու զինվորական կոմիսարը:

«Կազմակերպվում են փոփոխություններ մեր զինծառայողների, ծառայության, ինչպես նաև ունենք փոփոխություն մեր զորակոչիկների հետ կապված: Գիտեք, որ նախկինում զինծառայողները միշտ հանդերձավորվել էին զորամասերում, արդեն որերորդ զորակոչն է՝ հանդերձավորումն իրականացվում է հանրապետական հավաքակայանում: Այս զորակոչի դեպքում ևս հանդերձավորումն իրականացվելու է հանրապետական հավաքակայանում: Նորակոչիկների բարեկամները, ովքեր գնալու են հաջորդ օրը վիճակահանության, այդ ընթացքում՝ զինվորական համազգեստը հագնելուց՝ իրենք իրենց քաղաքացիական հագուստը տալու են հարազատներին: Սննդի հետ կապված՝ հանրապետական հավաքակայանում իրականացվելու է սննդի ընդունում: Ավտոբուսից մինչև հավաքակայան կարող են սնվել իրենք, սակայն կենտրոնական հավաքակայան մտնելուց, բացի հիգիենայի պարագաներից, արգելվում է սնունդ ընդունել: Այս զորակոչից սկսած զորակոչիկները իրենց գումարները ստանալու են քարտային համակարգով»,- նշեց Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն իր ելույթի խոսքում ասաց.

«Այսօր յուրաքանչյուր տղայի համար բեկումնային պահ է: Երեխան տղան, երիտասարդը դառնում են տղամարդ, համազգեստ են հագնում, զենք են վերցնում, որպեսզի պաշտպանեն իրենց հայրենիքը։ Հայրենիքը վերացական հասկացողություն չէ, դա առաջին հերթին ծնողներն են, քույրերը, եղբայրները, թաղի տղաներն են, աղջիկներն են, անծանոթ հայրենակիցները, ովքեր իրենց հույսը դնում են ձեր վրա, որ ձեր հզոր թիկունքի հետևում կարող են ապրել, կառուցել երկիրը, բարեկեցիկ դարձնել իրենց կյանքը։ Ձեր վրա մեծ առաքելություն է դրված, դուք մեր խաղաղ կյանքի պահապաններն եք։ Եթե դուք չլինեք, չլինեն ձեր ծառայակիցները, հրամանատարները, մեզանից որևէ մեկն այստեղ կանգնած չի լինի»։

«Եկել է ժամանակը, որ դուք՝ երիտասարդներդ, պետք է պաշտպանեք մեր հայրենիքը: Մեր երկրի բարեկեցության երաշխիքը կայուն և մարտունակ բանակ ունենալն է: Ամեն ժողովուրդ չէ, որ ունի երջանկություն՝ ապրելու իր ազատ հայրենիքում: Ամուր, հզոր բանակը յուրաքանչյուր երկրի պահպանման և զարգացման գրավականն է: Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո արդյունքում մենք այժմ ունենք տարածաշրջանում ամենահզոր բանակը: Եղեք տոկուն, կանգուն, լավ ծառայեք, իրար հարգեք: Բանակում երեկվա պատանուց տղամարդ են դարձնում: Կանցնի ամեն դժվարություն, բայց հիշեք՝ դուք մեր ապավենն ու հույսն եք»,- իր ելույթի խոսքում նշեց ներկաներից մեկը:
Ծնողները հուզմունքով էին իրենց որդիներին ճանապարհում բանակ: Նրանցից ոմանց, ինչպես նաև նորակոչիկների հետ մենք ևս զրուցեցինք:

«Գիտեմ, որ թշնամիներ շատ ունենք: Երբեմն մտավախություն եմ ունենում, թե չարժեր որդուս բանակ ուղարկել, բայց մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իր որդուն բանակ ճանապարհող ծնողներից մեկը:

«Մեր բանակում զինվորների սնվելու և հագուստի հետ կապված խնդիրները դեռ չեն վերացել: Անհրաժեշտ է կարգավորել այս հարցը: Հարցն այն է, որ մենք պետք է ուժեղ պետություն ունենայինք: Քանի՞ տարի է՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարգավորվում: Հենց հակամարտության առկայությունն է, որ պատճառ է հանդիսանում իրենց որդիներին բանակ ճանապարհող ծնողների մտահոգության: Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն հակամարտությունը կարգավորելու այդ ուղղությամբ, սակայն այս հարցում մեզ խանգարում է մեր հակառակորդը: Մյուս կողմից, եթե չպաշտպանենք Արցախը, կկորցնենք այն: Ոչ ոք մեր փոխարեն պարտավոր չէ մեր հայրենիքը պաշտպանել»:
Նորակոչիկներից Տիգրանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուրախ է այն պատճառով, որ վերջին շրջանում ղարաբաղաադրբեջանական սահմանին զոհերի թիվը որոշ չափով պակասել է:

«Ես բարձր տրամադրությամբ եմ գնում բանակ: Եթե մենք հզոր լինենք, ադրբեջանցիները չեն համարձակվի մեր վրա հարձակվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս