Վթարի պահին «ԲՄՎX6»-ում գտնվել է 3 անձ. մանրամասներ Երևանում երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած վթարից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ԲՄՎX6» մակնիշի վարորդը ձերբակալվել է:
Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ ուղևոր, նույն դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի պահին ճանապարհային ոստիկանության տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վթարի պահին «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է Ս.Վարդանյանը, ով նույն օրը ձերբակալվել է։
Քրեական գործով հարցաքննվել են վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական և մանրաթելային փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։