Ինչպես է կետը կին-հետազոտողին փրկում շնաձկից
Սապատավոր կետը կին-հետազոտողին փրկել է շնաձկից: Այս մասին գրել է The Independent-ը, համապատասխան տեսագրությունը զետեղված է Youtube-ում։ Միջադեպը տեղի Է ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Կուկի կղզիների մոտ:
Կենսաբան Նեն Հաուզերը լողում էր կետի մոտ եւ չէր նկատել, թե ինչպես է իրեն մոտեցել գրեթե երեք մետր երկարությամբ վագրաշնաձուկը: Նկատելով գիշատչին՝ կետն սկսել է պաշտպանել կնոջը՝ նրան ծածկելով լողաթեւերով:
Ինչ-որ մի պահ ծովային կաթնասունը նույնիսկ 63-ամյա Հաուզերին թիկունքին բարձրացրել է ջրի մակերեւույթ: Հաուզերի խոսքով՝ ոչ հեռու լողում էր եւս մեկ կետ, որը նույնպես ջանում էր իրենից հեռու վանել շնաձկանը: Կենսաբանը կարծում է, որ իր հետ պատահած դեպքն ապացուցում է կետերի մոտ այլ էակների պաշտպանելու բնազդի առկայությունը: