Բաժիններ՝

Մոգերինին Իրանի, ԳՖՀ-ի, Ֆրանսիայի և ՄԲ-ի ԱԳ նախարարների հետ կհանդիպի հունվարի 11-ին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին Բրյուսելում:

Այդ մասին հաղորդվում է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան Իվ լե Դրիանի, Զիգմար Գաբրիելի, Բորիս Ջոնսոնի, ինչպես նաեւ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին Բրյուսելում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ հանդիպումը կկայանա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման աշխատանքի շրջանակներում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության եւ ԵՄ-ի երեք երկրների ներկայացուցիչները մտադիր են կոնսուլտատիվ հանդիպում անցկացնել իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի շուրջ: Զարիֆը նշել էր, որ հանդիպումը նվիրված կլինի «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությանը»:

Հանդիպման անցկացման ամսաթիվը եւ վայրը չէին նշվել: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս