Հայաստանում նկատվում է սեզոնային գրիպի բռնկում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: Նկատվում է գրիպով եւ սուր շնչառական մյուս վարակներով հիվանդացության աճ:

«Արաբկիր» բժշկական համալիրի օրինակով, շնչառական վարակների բռնկում սկսել է նկատվել նախորդ տարվա դեկտեմբերի երկրորդ կեսից, իսկ արդեն 2018-ի հունվարի առաջին տասնօրյակում հասել է գագաթնակետին: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե սովորաբար օրական հաստատություն է դիմում 60-80 երեխա, ապա դեկտեմբերի կեսից սկսած այդ թիվը դարձել է 120-150, իսկ վերջին օրերին արդեն մինչեւ 170-ի: Բուժհաստատություն դիմող բոլոր հիվանդներն, իհարկե, չեն հոսպիտալացվում, այլ միայն նրանցից 15-30-ը:

Այդուհանդերձ, «Արաբկիրի» միջանցքներում ծավալված լրացուցիչ մահճակալներ մենք չտեսանք, ինչպիսի պատկեր կարելի էր հանդիպել նախորդ տարիներին: Այստեղ պարզաբանեցին, որ հրաժարվել են հիվանդներին ընդունելու այդ տարբերակից եւ փորձում են նրանց խտացնել հիվանդասենյակներում՝ ըստ վարակի տեսակների, քանի որ միջանցքներում բուժվող երեխաների հարազատներից դժգոհություններ էին ստանում:

«2018 թվականին մենք կրկին ունենք սեզոնային վարակների բռնկում: Այս տարի ավելի շատ տարածված են ռինոսինտիցիալ վիրուսները, քան գրիպի Ա եւ Բ տեսակները, որոնք տարածված էին անցյալ տարի: Այս վարակները հիմնականում ախտահարում են մինչեւ մեկ տարեկան երեխաներին, թեեւ ունենք ծանր դեպքեր նաեւ մեկ տարեկանից բարձր երեխաների շրջանում: Դիմում են մեծ մասամբ արտահայտված շնչառական անբավարարոության պատկերով: Երեխաների մեծ մասը ընդունվում են թթվածնային քաղցով: Դա արդեն բարդացած վիճակն է»,- ասաց Գոհար Ձվակերյանը: Նա հավելեց, որ հիվանդների մոտ մեծ քանակություն է կազմում շնչառական վիրուսների այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբերը, աչքի բորբոքումները եւ այլն:

Ըստ նրա, իրենց կենտրոնում աշխատում են ընդունել բոլոր այն հիվանդներին, որոնք իսկապես հոսպիտալացվելու կարիք ունեն, մանավանդ, եթե նրանց որեւէ այլ բուժհաստատությունում արդեն մերժել են: Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, նրա բուժումը կազմակերպվում է տան պայմաններում՝ առանց անհրաժեշտության մահճակալ չզբաղեցնելու նկատառումով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս