Բաժիններ՝

Թրամփն իր աշխատանքն ավելի ուշ է սկսում, քան նախագահության առաջին օրերին. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր օրն ավելի ուշ է սկսում, քան նախագահության առաջին օրերին, ավելի քիչ հանդիպումներ է անցկացնում, ավելի շատ ժամանակ է հատկացնում հեռուստացույց դիտելուն, Twitter-ում հաղորդագրությունների հրապարակմանը եւ հեռախոսազանգերին: Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ եւ Միացյալ Նահանգների ղեկավարի՝ հրատարակության տրամադրության տակ հայտնված կարգացուցակը:

Փաստաթղթի համաձայն, Թրամփը սովորաբար աշխատանքային օրն սկսում է ժամը 11-ին՝ հետախուզության եւ ազգային անվտանգության հարցերին նվիրված ճեպազրույցներով: Մինչ այդ, առավոտյան ժամը 8-ից մինչեւ 11-ը նրա կարգացուցակում նշվում է Ձվաձեւ աշխատասենյակում «վարչական հարցեր լուծելու ժամանակը»: Պորտալի աղբյուրների տվյալների համաձայն, այդ ժամանակաընթացքում Թրամփը, որպես կանոն, գտնվում է իր նստավայրում, հեռուստացույց է դիտում, զանգահարում է հեռախոսով եւ հաղորդագրություններ հրապարակում Twitter-ում:

Ձվաձեւ կաբինետում Թրամփն աշխատում է մինչեւ ժամը 18-ը: Այդ ընթացքում նա մեկ կամ երկու հանդիպում է անցկացնում, բայց, հիմնականում, զանգահարում է հեռախոսով կամ նորությունների ծրագրեր դիտում նախագահի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող ճաշասենյակում, նշում է պորտալը: Աշխատանքային օրվա ավարտից հետո Թրամփը վերադառնում է Սպիտակ տան բնակելի մաս, որտեղ կրկին հեռուստացույց է դիտում կամ զանգահարում հեռախոսով:

Ինչպես նշում է պորտալը, նախագահության առաջին օրերին Թրամփն աշխատանքն ավելի վաղ էր սկսում եւ ավելի ուշ ավարտում: Նա հանդիպումներ էր անցկացնում նախաճաշի սեղանի շուրջ, հետախուզության հարցերի շուրջ ճեպազրույցներն ավարտվում էին առավոտյան մոտավորապես ժամը 10:30-ին:

ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հայտարարել է, որ «առավոտյան նախագահը ժամանակն անցկացնում է ինչպես նստավայրում, այնպես էլ Ձվաձեւ աշխատասենյակում»: «Այդ ժամանակահատվածում նա մշտապես զանգահարում է աշխատակիցներին, կոնգրեսականներին, նախարարներին եւ արտասահմանյան երկրների ղեկավարներին»,-ասել է նա:

Ըստ հրատարակության տվյալների, ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը սովորաբար Ձվաձեւ աշխատասենյակ էր գալիս առավոտյան մոտավորապես ժամը 06:45-ին:

Նախագահի պաշտոնում Բուշին փոխարինած Բարաք Օբաման աշխատանքային օրը Ձվաձեւ աշխատասենյակում նույնպես վաղ էր սկսում՝ առավոտյան ժամը 9-ից մինչեւ 10-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս