Լավրովը Սիրիայում հակաահաբեկչական գլխավոր խնդիրը համարել է «Ջեբհաթ ան Նուսրայի» ջախջախումը
Սիրիայում գլխավոր հակաահաբեկչական խնդիրը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջախջախումն է: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Սիրիայի վաղը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ահմեդ ալ Ջարբայի հետ կայացած հանդիպմանը:
«Պարզ Է, որ հիմնական պայքարն արդեն հետեւում է մնացել: Այժմ, իհարկե, հակաահաբեկչական գլխավոր խնդիրը «Ջեբհաթ ան Նուսրայի» ջախջախումն է»,-ասել է նախարարը: Նա հավելել է, որ այդ ահաբեկչական կազմակերպությունը սիրիական բանակի դեմ պայքարելու համար օգնություն է ստանում դրսից: «Սիրիական բանակը՝ իր դաշնակիցների հետ միասին, մեր աջակցությամբ նեղում է նուսրայականներին, բայց նրանք դեռեւս դիմադրում են, այդ թվում՝ մեր տվյալներով՝ դրսից օգնություն ստանալու հաշվին»,-ընդգծել է նախարարը:
Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի սահմանադրական բարեփոխման գործարկման համար առավելագույն ներկայացուցչական բազայի ստեղծման օգտին, հավելել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը կօգնի Ժնեւում ուղղակի երկխոսություն հաստատել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: