Եղնիկը խանութից հեռացել է շոկոլադի սալիկով և վերադարձել այլ եղջերուների հետ
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում եղնիկը եկել է ավտոլցակայանի խանութ եւ, շոկոլադի սալիկ ստանալով, այնտեղ է վերադարձել այլ եղջերուների հետ՝ կրկին շոկոլադ ստանալու ակնկալիքով: Այս մասին հաղորդել է CBS Denver-ը:
Վաճառողուհի Լորի Ջոնսը պնդում է, թե մեկ անգամ չէ, որ կենդանիների է տեսել խանութի առջեւ՝ փողոցում, բայց այս անգամ եղնիկը համարձակվել է ներս մտնել: «Նա բնավ ուշադրություն չէր դարձնում վրաս,- պատմում է Ջոնսը:- Սկզբում զննում էր արեւի ակնոցները, այնուհետեւ պաղպաղակը եւ չիպսերը»:
Եղնիկին դուրս անելու համար վաճառողուհին ստիպված է եղել դրան շոկոլադի սալիկ տալ: Նա վերադարձել է իր գործին, սակայն մի քանի րոպե անց խանութում կրկին տեսել է կենդանուն… Իր առջեւ կանգնած էր նույն եղնիկը, իսկ խանութի դռնից ներս էին նայում դրա ձագերը:
Ջոնսն ստիպված է եղել զոհաբերելու եւս մեկ շոկոլադի սալիկ: Այժմ նա կարծում է, որ դա սխալ էր: «Չի կարելի կերակրել եղջերուներին, այլապես դրանք անընդհատ կվերադառնան»,- ասում է վաճառողուհին: