Ինչպես արքայազնների լուսանկարը կօգնի միայնակ մորը վճարելու դստեր ուսման վարձը
Թագավորական ընտանիքի անդամների այս լուսանկարը հայտնվել է բազմաթիվ հրատարակություններում եւ վստահաբար կարող է համարվել Սուրբծննդյան ամենաբազմատպաքանակ լուսանկարը, տեղեկացնում է BBC-ին:
Լուսանկարի հեղինակը, որին կնախանձեր ցանկացած պրոֆեսիոնալ ֆոտոնկարիչ, Նորֆոլքի կոմսության 39-ամյա բնակչուհի Քարեն Անվիլն է, որը հույս ունի լուսանկարի դիմաց ստացված փողով վճարել իր դստեր համալսարանին: Քարենը պատմել է, որ իր 17-ամյա դուստրը՝ Ռեյչելը, մի անգամ ցանկություն հայտնեց Սուրբծննդյան տոներին մեկնել թագուհու՝ Սանդրինգհեմում գտնվող անձնական կալվածք՝ Մարիամ Մագթաղինացու եկեղեցի, եւ տեսնել թագավորական ընտանիքին, որն ավանդաբար այնտեղ է գալիս տոնական ժամերգության: Այս տարի Քարենը կատարել է դստեր խնդրանքը եւ իր համար անսպասելիորեն հայտնվել աշխարհի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Սկզբում նա լուսանկարը զետեղել է իր «Թվիթեր»-ում, եւ այն արագորեն չորս հազար լայք էր հավաքել: Այնուհետեւ մի քանի ժամվա ընթացքում իրեն զանգահարել են տարբեր հրատարակություններից՝ խնդրելով թույլ տալ հրապարակել լուսանկարը: «Սկզբում ես ասացի՝ իհարկե, վերցրեք: Ես այդ կարգի բաներին տեղյակ չեմ»,-պատմել է Քարենը: Բայց շուտով, նրա խոսքով, «Թվիթեր»-ի օգտատերերն իրեն հուշել են, որ ինքը պետք է հայտարարի լուսանկարի նկատմամբ իր հեղինակային իրավունքների մասին եւ վճար պահանջի դրա օգտագործման դիմաց: «Ես չեմ սիրում խաղալ այն բանի վրա, որ միայնակ մայր եմ, բայց դա իսկապես այդպես է: Ես երկու աշխատանք եմ կատարում եւ հպարտ եմ դրանով:
Եվ եթե ինձ հնարավորություն է վիճակվել փող հետ գցել համալսարանում աղջկաս ուսումնառության համար, դա շշմեցնող է»,-ասում է Քարեն Անվիլը: Շատերն են Քարենին հարցնու, իսկ ինչպե՞ս է նրան հաջողվել Քեմբրիջի դքսուհուն եւ արքայազն Հարրիին հարկադրել նայելու տեսախցիկին: «Ես բնությամբ այնպիսին եմ, որ հաճախ եմ ուրախ քրքջում, ու դեռ աղջկս էլ հետս էր, հույզերս չէի կարողանում զսպել: Ես նրանց բացականչեցի. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Ես շատ էի աղմկում. ոնց որ խելառ: Այդպես իրենց պահում են ֆանատ աղջիկները: Բայց փոխարենը նրանք նայեցին իմ կողմը»,-պատմել է կինը: