Բաժիններ՝

«Այս տարի մենք ունեցանք ստալինյան շրջանի սարքված քաղաքական հետապնդումներ». Ավետիք Իշխանյան

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է ժողովրդավարությունից և օրենքի գերակայությունից, դատարանի անկախությունը՝ գործադիր իշխանությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նկատեց, որ այս տարի Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ. «Մեզ մոտ 1995 թվականից ընտրությունները կեղծվում են: Այս տարի իշխանությունները կարողացան հասնել նրան, որ ոչ թե ընտրություն եղավ, այլ եղավ քվեարկություն: Խորհրդային Միության ժամանակ էլ կար քվեարկություն, որի անունն ընտրություն էր: Քվեարկում է հպատակը, ընտրում է քաղաքացին: Մենք եկանք այդ վիճակին»:

Ա. Իշխանյանի խոսքով՝ սահմանադրորեն ամրագրված է, որ ՀՀ նախագահը համակարգում է գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների աշխատանքը. «Ամեն օր մենք տեսնում ենք՝ ՀՀ նախագահը ստորագրեց՝ դեսպան նշանակեց, ստորագրեց՝ դատավոր նշանակեց, և այլն: Հարցը փակվում է, այսինքն՝ դու չունես դատարանի անկախություն»:

Նա նաև նկատեց, որ այս տարվա ընթացքում խաղաղ հավաքների զանգվածային խախտումներ չեն եղել՝ նախորդ տարվա համեմատ, որովհետև խաղաղ հավաքներ չեն եղել.

«Մենք տարեկան զեկույց ենք հրապարակում և մեր գործընկերներից տվյալներ ենք վերցնում: Խոսքի պաշտպանության կոմիտեից  մենք վերցնում ենք խոսքի ազատության վիճակը Հայաստանում: Ինձ համար զարմանալիորեն պարզվեց, որ լրագրողների նկատմամբ բռնություններն այս տարի ավելի շատ են եղել, քան անցյալ տարի: Այս տարվա ամենաաննախադեպ խախտումը, որ տեղի է ունեցել Հայաստանում, դա դատարանի շենքում ամբաստանյալների հաշվեհարդարն էր:

Խորհրդային Միությունում 30-ական թվականներին եթե եղել են նման դեպքեր, հրապարակային չեն եղել: Հայաստանն անկախ պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, որոնք մեծ մասամբ եղել են սեզոնային, և կախված քաղաքական իրավիճակից՝ նրանք ազատ են արձակվել մի քանի ամիս հետո: Այս տարի մենք ունեցանք ստալինյան շրջանի սարքված քաղաքական հետապնդումներ: Ես համարում եմ հաշվեհարդար Սամվել Բաբայանի նկատմամբ, խոսակցությունների մակարդակով նրան դատապարտեցին, ես այդպիսին եմ համարում Ժիրայր Սէֆիլյանի հարցը, նաև Անդրեաս Ղուկասյան, Արմեն Միքայելյան, Դավիթ Հովհաննիսյան, որոնք դասական խղճի բանտարկյալներ են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս