Երևանյան թատրոնները փոքրիկների օրերը հետաքրքիր կդարձնեն ամանորյա ներկայացումներով
Երևանի թատրոնները տոների առիթով անակնկալներ են պատրաստել երեխաների համար: Փոքրիկները դեկտեմբեր և հունվար ամիսներին հնարավորություն կունենան տարբեր բեմերում տեսնել Ձմեռ պապիկին, Ձյունանուշին, իրենց սիրելի հեքիաթների հերոսներին և մեծ բավականություն ստանալ:
«Արմենպրես»-ը ներկայացնում է առաջիկայում կայանալիք ամանորյա բեմադրությունների ցանկը:
«Բոհեմ» թատրոնում դեկտեմբերի 26-ին Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Ամանորը Նազարի մոտ 2» խորագրով մանկական երաժշտական ամանորյա կատակերգությունը:
Համազգային պետական թատրոնում դեկտեմբերի 20-30-ը և հունվարի 4-13-ը փոքրիկ հանդիսատեսի համար կցուցադրվի
տոնական, գունեղ «Լինում է, չի լինում» երաժշտական ներկայացումը: Երեխաները
կզրուցեն Բարի փերու, Մոխրոտի, Կայի, Գերդայի, Ձյունե թագուհու, Սպիտակաձյունիկի, Յոթ թզուկների հետ` ստանալով բարություն ու ջերմություն:
Դեկտեմբերի 20-30-ը, հունվարի 3-13-ը Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա «Երկարագուլպա Պեպպին տոնում է Ամանորը» ներկայացումը: Ծովափնյա մի փոքրիկ քաղաք պատրաստվում է դիմավորել Ամանորը: Քաղաքը փաստացի ղեկավարող քաղաքային խորհրդի նախագահ Ֆրեկեն Ռոզենբլյումը Ձմեռ պապիկին դիմավորելու և Ամանորը նշելու իր տարբերակն է ներկայացնում համաքաղաքացիներին:
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 26-ին կցուցադրվի «Շչելկունչիկի մասին պատմությունը» ամանորյա ներկայացումը:
Խամաճիկների պետական թատրոնում դեկտեմբերի 26-ին կներկայացվի «Սուշոյի ձմեռային արկածները» բեմադրությունը:
Պատանի հանդիսատեսի թատրոնում հունվարի 7-ին
կներկայացվի «Ամանորյա գողություն, կամ գողացված տոնածառը» երաժշտական ներկայացումը, որտեղ երեխաները կհանդիպեն Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականներ Նիմլի, Ռիմլի, Գիմլի էլֆերին, սև և վարդագույն հովազներին, անտառային փերուն, Մինյոնին, Արքայազնին և Մոխրոտիկին, ինչպես նաև Ձմեռ պապիկին:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 28-29-30-ին կներկայացվի «Նվագախմբի երեխաները» ներկայացում-մյուզիքլը:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-28-ին կցուցադրվի «Սառցե սիրտը» մեկմասանի հեքիաթ-մյուզիքլը:
Կամերային երաժշտական թատրոնը և Ձմեռ պապը փոքրիկ թատերասերների համար պատրաստել են հրաշալի նվեր: Դեկտեմբերի 29-ին թատրոնում կցուցադրվի «Ճանճուլիկ-ոսկե փորիկ» ամանորյա, ուրախ երաժշտական նոր ներկայացումը: Այն դուր կգա երեխաներին, կհաղորդի տոնական տրամադրություն, իսկ վերջում նրանց կշնորհավորի Ձմեռ պապը:
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում
դեկտեմբերի 25-29-ը և հունվարի 3-8-ը երեխաները կարող են դիտել «Ջրահարսը» հրաշալի, պայծառ, ուրախ հեքիաթը:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դեկտեմբեր 16-29-ը և հունվար 3-7-ը կցուցադրվի «Արի միասին պարզենք, թե ով է գողացել նվերները» զարմանահրաշ ներկայացումը: