Պերուում հազարավոր մարդիկ են բողոքում նախկին նախագահին ներում շնորհելու դեմ
Պերուի մայրաքաղաք Լիմայում ավելի քան 5 հազար մարդ է բողոքում նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու պետության ղեկավար Պաբլո Կուչինսկիի որոշման դեմ, այն նախկին նախագահին, որը 25 տարվա բանտարկության պատիժ էր կրում կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների համար:
Ինչպես հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, մի քանի մարդ ձերբակալվել է։ «Ավելի քան 5 հազար ցուցարարներ էին հավաքվել Լիմայի կենտրոնում… չընդունելով Ալբերտո Ֆուխիմորիի ներումը, որը դեկտեմբերի 24-ին շնորհել է նախագահ Պեդրո Կուչինսկին»,- հաղորդում է RPP ռադիոկայանը: Republica հրատարակության տվյալներով՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքողներին ցրելու համար, մի քանի մարդ ձերբակալվել է:
Կուչինսկին որոշել Է Ֆուխիմորիին ազատել մարդասիրական նկատառումներով. Պերուի նախկին նախագահը 79 տարեկան է, եւ, բժշկական հանձնաժողովի եզրակացությունների համաձայն, նա տառապում է անբուժելի եւ աստիճանաբար սաստկացող հիվանդությամբ, որի դեպքում բանտում գտնվելը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար: Ֆուխիմորին երկրի նախագահ է եղել 1990-ից մինչեւ 2000 թվականը: 25 տարի ընդհանուր տեւողությամբ բանտարկության պատիժը նա ստացել է մի շարք դատավճիռներով. 25 մարդու սպանությունների կազմակերպման, կաշառքի, հեռախոսների ապօրինի գաղտնալսման եւ կաշառման համար պետական միջոցների օգտագործման համար:
Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին պետության նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու՝ իր որոշումը համարել է կյանքում ամենադժվարներից մեկը: «Խոսքը վերաբերում է Պերուի նախկին նախագահի առողջությանը եւ կյանքին: (…) Ես համոզված եմ, որ մենք, որ մեզ դեմոկրատներ ենք համարում, չենք կարող թույլ տալ, որ Ալբերտո Ֆուխիմորին մահանա բանտում: Արդարադատությունն ու վրեժը միեւնույն բանը չեն»,- դեկտեմբերի 25-ին ասել է պետության ղեկավարն ազգին հղած հատուկ ուղերձում, որն ուղիղ եթերում հեռարձակել է TV Peru պետական հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: