«Բոլորդ պետք է շատ հստակ գիտակցեք, որ ձեր երազանքների իրականացումը կախված է նաև ձեզնից». Սերժ Սարգսյան

Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները, որին կմասնակցեն շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, Հանրապետության մարզերից և Արցախից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը միջոցառման շրջանակներում այսօր առավոտյան հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Տոների առթիվ դեկտեմբերի 25-ին Նախագահի նստավայր կայցելեն նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ:

Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:

«Սիրելի՛ երեխաներ,

Ես և տիկին Ռիտան սրտանց շնորհավորում ենք ձեզ տոների կապակցությամբ և խնդրում ենք, որպեսզի դուք մեր շնորհավորանքները փոխանցեք ձեր քույրերին և եղբայրներին, ձեր հայրերին և մայրերին, ձեր տատիկներին և պապիկներին: Ցանկանում ենք, որպեսզի 2018 թվականին, այսինքն՝ Նոր տարում, ձեր բոլոր երազանքներն իրականան: Ես կարծում եմ, որ ձեր երազանքների իրականացումը մի զգալի մասով, երևի, դուք կապում եք ուրիշների հետ՝ միգուցե, ձեր ծնողների, միգուցե, Ձմեռ պապիկի կամ մեկ այլ մարդու հետ, բայց բոլորդ պետք է շատ հստակ գիտակցեք, որ ձեր երազանքների իրականացումը կախված է նաև ձեզնից:

Ովքեր սովորում են՝ պետք է լավ սովորեն, որպեսզի ձեր ավագները, ձեր ծնողները տեսնեն, որ դուք էլ եք ուզում, որպեսզի ձեր երազանքները կատարվեն: Այստեղ երեխաների մի մասը, հավանաբար, իր երազանքների մեջ շատ մեծ բաներ է ուզում: Հավատացեք, եթե 2018 թվականին այդ երազանքները չիրականանան, դրանք իրականանալու են 2019 թվականին, 2020 թվականին. միշտ պետք է երազել: Եվ որպեսզի, երբ դուք դառնաք, օրինակ, Ձմեռ պապիկի տարիքի չափ, կարողանաք հիշել, ասել՝ ահա, ես այսքան երազանքներ եմ ունեցել, և այսքանը իրականացել է: Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ, նա ցանկանում է, որ մեր երեխաները միշտ առույգ, զվարթ լինեն, միշտ ծիծաղեն, որպեսզի մեր բոլոր երեխաները լավ սովորեն, որ որևէ բանի կարիք չունենան: Նույնը ցանկանում է Ձյունանուշիկը: Դրա համար էլ իրենք այս օրերի ընթացքում հանդիպում են շատ-շատ երեխաների հետ, և իրենք էլ գիտեն՝ այն երեխաների երազանքն է իրականանում, ովքեր ձգտում են դրան»,- ասել է Հանրապետության Նախագահը և խնդրել երեխաներին Ձմեռ պապի և Ձյունանուշի ներկայությամբ հնչեցնել իրենց ցանկություններն ու երազանքները:

Բաղրամյան 26-ում Ամանորի նախաշեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումների շրջանակներում վաղը՝ դեկտեմբերի 26-ին, կհյուրընկալվեն նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ:

Տեսանյութեր

Լրահոս