«Ամեն ինչ շատ պարզ է». Աղվան Վարդանյանը՝ 2018 թվականին ՀՀ վարչապետի նշանակման մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գոհ է ներկայիս կառավարության գործունեությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Վարդանյանը կարծիք հայտնեց, որ մեր խնդիրների հաղթաճանաչումը կատարված է ճիշտ, տնտեսության վիճակը գնահատված է ճիշտ, խնդիրները ձևակերպված են ճիշտ:

«Կարծում եմ՝ այս կառավարության գործունեության արդյունքում մենք ստեղծում ենք տնտեսական այն հիմքերը, որոնք հնարավորություն կտան նաև հետագայում լրջորեն զբաղվելու սոցիալական արդարությամբ, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ ՀՅԴ-ն ունի՞ իր վարչապետի թեկնածուն, Ա. Վարդանյանն այսպես պատասխանեց.

«Ամեն ինչ շատ պարզ է, ամեն ինչ շատ հստակ է, այսօր կա քաղաքական կայուն մեծամասնություն, կա կոալիցիոն համաձայնագիր, քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահ ընդունվող իր առաջնորդը, և ճիշտ ժամանակին, կարծում եմ, քաղաքական մեծամասնության առաջնորդն իր կուսակցությանը և կոալիցիոն գործընկերոջը ներկայացնելու է պատկերացումները, թե ով ինչով պետք է զբաղվի: Այդ ժամանակ հստակ կլինի ամեն ինչ:

ՀՅԴ-ն չունի վարչապետի թեկնածու, որովհետև այդ հարցն ինքնին անիմաստ է, մենք ունենք կոալիցիոն համաձայնագիր ՀՀԿ-ի հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը ՀՀԿ-ի իրավունքն է, մենք դա ստորագրել ենք, ինչպե՞ս կարող ենք մենք թեկնածու առաջադրել»:

Ա. Վարդանյանը նշեց, որ գործող կառավարության ձեռքբերումներն ինքը միայն վարչապետ Կարեն Կարապետյանին չի վերագրում. «Իհարկե, իր դերը շատ կարևոր է, ինչպես ցանկացած համակարգում՝ առաջին դեմքի դերը, բայց ես դա վերագրում եմ խնդիրների ճիշտ ձևակերպմանը, որոնք դրված էին ՀՀԿ-ի առաջնորդի մեկ տարի առաջվա ելույթի մեջ ու ձևակերպված էին ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրերում: Դու չես կարող խնդիրը լուծել, եթե ճիշտ չես ձևակերպում: Այդ խնդիրները քաղաքական մակարդակով են ձևակերպված: Կառավարության ամբողջ թիմը շատ լավ աշխատանք է կատարել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս