Աղետների պատճառով համաշխարհային տնտեսական կորուստներն այս տարի կազմել են 306 մլրդ դոլար
Բնական եւ տեխնածին աղետների պատճառով ընդհանուր տնտեսական կորուստների գումարը 2017 թվականին անցյալ տարվա համեմատությամբ աճել է 63 տոկոսով եւ կազմել շուրջ 306 մլրդ դոլար: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է Swiss Re շվեյցարական վերաապահովագրական ընկերությունը։
«ԱՄՆ-ն ամենից ավելի է տուժել՝ հաշվի առնելով «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» փոթորիկները»,-նշել են Swiss Re-ում: Շվեյցարական վերաապահովագրական ընկերությունը հիշեցրել է, որ «2017 թվականին ԱՄՆ-ում փոթորիկների սեզոնն ամենածախսատարն է դարձել» 2005 թվականից ի վեր:
Արեւմտյան ԶԼՄ-ներն իրենց հերթին նշել են, որ, չնայած տնտեսական կորուստների աճին, 2017 թվականին մարդկային զոհերի թիվն զգալիորեն չի տարբերվում անցյալ տարվանից:
«2017 թվականին աղետների հետեւանքով ամբողջ աշխարհում զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 11 հազար մարդ, մոտավորապես նույնքան, որքան եւ 2016 թվականին»,-հայտնել են Swiss Re-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: