ԱՄՆ-ը ձգտելու է Իրանի հրթիռային մշակումների արգելք սահմանել
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մի շարք միջոցներ՝ Թեհրանի կողմից եմենցի հուսիտ-ապստամբներին սպառազինությունների մատակարարումների պատճառով։
«Մենք կարող ենք պատժամիջոցներ մշակել Իրանի դեմ ի պատասխան Եմենին մատակարարումների բռնարգելի բացահայտ խախտումների»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ այն փաստը, որ Սաուդյան Արաբիան հրթիռակոծման է ենթարկվում ապստամբների կողմից, «տագնապի կարմիր ազդանշան» է ՄԱԿ-ի ԱԽ-ի համար: Վաշինգտոնի կարծիքով՝ հուսիտները Սաուդյան Արաբիային հարվածելու համար օգտագործում են Իրանի կողմից արտադրված եւ մատակարարված հրթիռներ:
Գոյություն ունեցող սահմանափակումներին համապատասխան՝ Թեհրանին արգելվում է արտադրել հրթիռներ, որոնք կարող են կրել միջուկային լիցքեր: Հեյլին առաջարկում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության լիակատար արգելք սահմանել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: