Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց հարկային բարեփոխմանը

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հարկային բարեփոխման օրինագծին: Դրա օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ են արտահայտվել 48-ը: Այդ մասին հայտնել է MarketWatch-ը:

Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատ կրկնական քվեարկության համար, ինչը պայմանավորված է ընցացակարգային խնդիրներով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շնորհավորել է հանրապետականներին, որոնք քվեարկել են օրինագծի օգտին: «Իմ շնորհավորանքները Փոլ Ռայանին, Քեւին Մակքարթիին, Քեւին Բրեյդիին, Սթիվեն Սքելիսին, Քեթի Մակքորիս Ռոջերսին եւ Ներկայացուցիչների պալատի մյուս երեւելի հանրապետականներին, որոնք քվեարկեցին հարկերի կրճատման օգտին»,- հայտարարել է Թրամփը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ստիպված կլինի դեկտեմբերի 20-ին կրկնական քվեարկություն անցկացնել հարկային բարենորոգման շուրջը, քանի որ օրինագծում երեք դրույթներ խախտել են Սենատի կանոնները: Այդ մասին հայտարարել է ստորին պալատում մեծամասնության առաջնորդ Քեւին Մակքարթին: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հարկային բարենորոգման օրինագիծը, որը կտրուկ իջեցնում է գործարարության համար հարկերը, վկայում են քվեարկության արդյունքները:

Դրանից հետո այն քննարկման է դրվել Սենատում, սակայն դեմոկրատները հայտարարել են, որ այդ օրինագծում երեք դրույթներ խախտում են Սենատի կանոնները, եւ այն պետք է վերանայվի: Հանգուցային նորամուծություն է կորպորացիաների համար շահութահարկի իջեցումը 35 տոկոսից մինչեւ 21 տոկոս: Հեղինակների մտահղացմամբ՝ դա պետք է կտրուկ բարձրացնի ԱՄՆ-ում գործարարություն վարելու գրավչությունը եւ ամերիկյան կորպորացիաներին դրդի երկիր վերադարձնելու շահույթի տրիլիոնավոր դոլարները, որոնք ստացվում են արտասահմանում: Կոնգրեսում հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս