Ավելացել է թերսնվող բնակիչների թիվը. մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն կոմունալ վճարումներն ու վարկային պարտավորությունները մարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է` Հայաստանի բնակչության ամսական ծախսերի մեջ սննդի, առողջապահության, կրթության համար հատկացվող գումարները տարեցտարի ավելի են նվազել, փոխարենը մարդիկ ավելի ու ավելի շատ են վճարում բնակկոմունալ ծառայությունների համար:
Այլ կերպ ասած` մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաեւ վարկային պարտավորությունները մարել, եւ միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ 2004թ. մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս, իսկ 2016թ.՝ 42.1 տոկոս:
Ընդ որում, գնալով ավելացել է թերսնվող բնակիչների թիվը, եւ 2016թ. թերսնված է համարվել յուրաքանչյուր 3 բնակչից երկուսը: Փոխարենը աճել է բնակկոմունալ ծառայությունների համար վճարի չափը. 2004թ. բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը, իսկ արդեն 2016թ.՝ 14 տոկոսը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: