ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին հարկ կլինի կրկին քվեարկել հարկային բարենորոգման շուրջը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ստիպված կլինի դեկտեմբերի 20-ին կրկնական քվեարկություն անցկացնել հարկային բարենորոգման շուրջը, քանի որ օրինագծում երեք դրույթներ խախտել են Սենատի կանոնները:
Այդ մասին հայտարարել է ստորին պալատում մեծամասնության առաջնորդ Քեւին Մակքարթին: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էԷ հարկային բարենորոգման օրինագիծը, որը կտրուկ իջեցնում է գործարարության համար հարկերը, վկայում են քվեարկության արդյունքները:
Դրանից հետո այն քննարկման է դրվել Սենատում, սակայն դեմոկրատները հայտարարել են, որ այդ օրինագծում երեք դրույթներ խախտում են Սենատի կանոնները, եւ այն պետք է վերանայվի: Հանգուցային նորամուծություն է կորպորացիաների համար շահութահարկի իջեցումը 35 տոկոսից մինչեւ 21 տոկոս: Հեղինակների մտահղացմամբ՝ դա պետք է կտրուկ բարձրացնի ԱՄՆ-ում գործարարություն վարելու գրավչությունը եւ ամերիկյան կորպորացիաներին դրդի երկիր վերադարձնելու շահույթի տրիլիոնավոր դոլարները, որոնք ստացվում են արտասահմանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: