Խոզի միսն ու կարագը պետք է էժանանային, ոչ թե թանկանային. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գնաճի թեման վերջին շրջանում մի տեսակ անեկդոտային ֆոն է ստացել: Մի շարք ապրանքների թանկացումը իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների կարծիքով՝ չի վնասում աղքատներին, որովհետև նրանք առանց դրա էլ այդ ապրանքները չեն գնում ու միայն հաց ու կարտոֆիլ են ուտում:

Կառավարությունն ու կենտրոնական բանկն էլ պնդում են, թե ճիշտ է, որոշ ապրանքներ թանկացել են, բայց որոշներն էլ էժանացել են, և արդյունքում ստացվել է, որ ընդհանուր գնաճի ցուցանիշը շատ ցածր է:

Մի կողմ թողնենք աղքատների կերակրացանկի մասին ՀՀԿ-ականների պատկերացումները և անդրադառնանք երկու ապրանքների թանկացմանը: Ամենաշատը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում թանկացել են կարագն ու խոզի միսը: Տարվա սկզբից թե կարագը և թե խոզի միսը թանկացել են 40-ական տոկոսով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմամբ, մասնավորապես կարագի գինը աշխարհում բարձրացել է 87 տոկոսով:

«Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- հայտարարեց նա հոկտեմբերի վերջին Գյումրիում ու խորհուրդ տվեց այդ թանկացումներին «վերաբերվել համբերատար»:

Հիմա մի քիչ վիճակագրություն, այն էլ հույժ պաշտոնական: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ է ներկվել 2 361 տոննա կարագ, որի մաքսային արժեքը եղել է 10.1 միլիոն դոլար: Այսինքն՝ մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 4.4 դոլար:

Նույն մաքսային ծառայության մեկ այլ տվյալով, առաջին 10 ամիսների ընթացքում ներկրման ծավալը դարձել է 3.5 հազար տոննա, իսկ մաքսային արժեքը կազմել է 16 միլիոն դոլար: Պարզագույն թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ հուլիս-հոկտեմբեր ամիսներին ներկրվել է 1800 տոննա կարագ 6 միլիոն դոլար մաքսային արժեքով: Այսինքն՝ հուլիս-հոկտեմբերի ընթացքում ներկրված մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 3.3 դոլար:

Ստացվեց, որ վերջին 4-5 ամիսներին ՀՀ ներկրված կարագի գինը նվազել է 1.1 դոլարով, կամ 25 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել կարագի գների հետ մեր խանութներում: Այդ տվյալն էլ առկա է ՀՀ ԱՎԾ «գզրոցներում»: Ըստ ԱՎԾ-ի, ուրեմն, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կարագը թանկացել է 12.3 տոկոսով, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ևս 5.5 տոկոսով… Իսկ տարվա սկզբի համեմատ կարագը թանկացել է 40.7 տոկոսով:

Կարագը վերջին ամիսներին էժանանում է ամբողջ աշխարհով մեկ և ՀՀ մաքսային ծառայության արձանագրած մաքսային արժեքը արտացոլում է իրականությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, երբ աշխարհում որևէ ապրանք թանկանում է, դա անմիջապես բերում է մեզ մոտ թանկացման: Բայց երբ աշխարհում այդ ապրանքը սկսում է էժանանալ, ՀՀ-ում էլի շարունակում է թանկանալ: Սրան մի տեսակ «համբերատար վերաբերվել» այնքան էլ չի ստացվում:

Մրցակցային տնտեսության մեջ նման բան լինել չի կարող: Նշանակում է՝ կարագ ներկրողները համաձայնեցված են գներ սահմանում ու այս պարագայում որևէ ապրանքի համաշխարհային գների փոփոխությամբ ներքին գների վայրիվերումները բացատրելը, այսպես ասենք, տեղին չէ:

Խոզի մսի պարագայում վիճակը պակաս հետաքրքիր չէ: Առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 2.2 հազար տոննա: Մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 2.2 դոլար: Իսկ հուլիս- հոկտեմբերի ընթացքում ներկրվել է 2.7 հազար տոննա, մեկ կգ՝ 2.3 դոլար մաքսային արժեքով: Այսինքն տարվա սկզբի համեմատ խոզի մսի ներկրման արժեքը բարձրացել է 4.5 տոկոսով: Իսկ խանութներում այն թանկացել է, ինչպես նշեցինք, ավելի քան 40 տոկոսով:

Մի չափազանց ուշագրավ տվյալ: Ռուսաստանում, որի հետ Հայաստանը չունի մաքսային սահման և գտնվում է միևնույն տնտեսական տարածքում, խոզի միսը ռեկորդային տեմպերով էժանանում է: Մասնավորապես նոյեմբերի վերջին տարվա սկզբի համեմատ խոզի միսը այդ երկրում էժանացել է մոտ 15.4 տոկոսով:

Մի խոսքով, Հայաստանում գների փոփոխությունը շատ քիչ առնչություն ունի միջազգային գների հետ: Մեզ մոտ գները սահմանվում ու փոփոխվում են շուկաների նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող մի խումբ մարդկանց ախորժակներին համահունչ: Իսկ գնագոյացման շուկայական դասական մեխանիզմները Հայաստանի պարագայում մեծ հաշվով կիրառելի չեն եղել, և հիմա էլ կիրառելի չեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս