Առնվազն 19 մարդ է տուժել մոսկովյան պանսիոնատում տեղի ունեցած հրդեհից
Նոր Մոսկվայի մասնավոր պանսիոնատում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվը հասել է 19-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտում։
«Ներկայում հրդեհի հետեւանքով տուժել է 19 մարդ, նրանցից 16-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում:
Հոսպիտալացվածներից մեկը ծանր վիճակում է»,-տեղեկացրել են դեպարտամենտում: Այստեղ նաեւ նշել են, որ բոլոր տուժածներին տեղափոխում են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ եւ Բախրուշին եղբայրների անվան հիվանդանոց: Տուժածների մեծ մասի վիճակը բավարար է կամ միջին աստիճանի ծանրության: