Բաժիններ՝

Պուտինը կոչ է արել ԱՊՀ-ի հատուկ ծառայություններին՝ ամրապնդել կապերը ահաբեկչության աճող սպառնալիքի պայմաններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ-ի հատուկ ծառայություններին՝ ամրապնդել կապերը ահաբեկչության աճող սպառնալիքի պայմաններում: Այդ մասին ասված է ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի՝ Մոսկվայում ընթացող 43-րդ նիստի մասնակիցներին պետության ղեկավարի հղած ողջույնի ուղերձում, որն ընթերցել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՊՀ-ի երկրների քաղաքացիների համար հիմնական վտանգը բխում է Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից: Ահաբեկիչները փորձում են այդ տարածաշրջանները որպես հենակետ օգտագործել էքսպանսիայի համար, այստեղ հավաքագրում եւ ուսուցանում են նոր զինյալների, նրանց ուղարկում՝ ապակայունացնելու այլ պետությունների իրադրությունը»,-ասված է ուղերձում: Դրանում նաեւ ընդգծվում Է, որ «աշխարհում ստեղծված իրադրությունը պահանջում է գտնել գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու նոր ավելի արդյունավետ ուղիներ»:

«Ուստի կարեւոր է, որ ազգային հատուկ ծառայությունները ամրապնդեն գործընկերային կապերը, համաձայնեցված մոտեցումներ մշակեն հրատապ խնդիրների լուծման համար, ավելի ակտիվորեն անցկացնեն մասնագիտական փորձի, օպերատիվ եւ վերլուծական տվյալների փոխանակում, ինչպես նաեւ կարգավորեն հարաբերությունները քաղաքացիական հասարակության կառույցների հետ»,-նշվում է ողջույնի տեքստում: Դրանում Պուտինը հույս է հայտնել, որ անցկացվող խորհրդակցությունը կամրապնդի հատուկ ծառայությունների փոխգործակցությունը: Նա հիշեցրել է, որ նման ավանդական հանդիպումները նպաստում են բազմակողմ համագործակցությանը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի անօրինական շրջանառրության եւ անդրազգային հանցավորության դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս