«Եթե ատոմակայանը փակեք միայն նրա համար, որ ԵՄ-ն այդպես է ցանկանում, ապա ձեզ ի՞նչ է մնալու». Անդրեյ Բաբկո
«Հիմա կատարվում են Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքներ։ Ռուսաստանն արդեն 270 միլիոն տվել է Հայաստանին, և 30 մլն դոլար էլ տվել է գրանտի տեսքով, որը նույնպես ներդրում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն։
Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ատոմակայանը փակելու վերաբերյալ դրույթ կա, իսկ Ռուսաստանը ներդրումներ է անում մի նախագծում, որը որոշ ժամանակ անց ստիպված են լինելու փակել, նա այսպես արձագանքեց. «Այդ հարցը պետք է մասնագետները լուծեն։ Եթե ատոմակայանը փակեք միայն նրա համար, որ ԵՄ-ն այդպես է ցանկանում, ապա ձեզ ի՞նչ է մնալու։ Բացի այդ՝ ներդրումային նախագիծ կա՝ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։
Բայց մենք դեռ խոսում ենք գոյություն ունեցող բլոկի մոդեռնիզացման մասին, և ոչ ոք այնպես չի անի, որ այդ բլոկն ավելի վտանգավոր լինի, քան նախորդ տարիներին։ Բոլորը հրաշալի հասկանում են, որ կան ժամկետներ, և որոշ ժամանակահատված կաշխատի հին բլոկը, հետո, երբ ներդրումներ կլինեն, կկառուցվի նոր ատոմակայան»։
Այս պահին, ըստ նրա՝ Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունն ամբողջ աշխարհում ատոմակայաններ է կառուցում, որոնք ապահով են. «Իրանում նույնպես պլանավորվում է կառուցել ատոմակայան, նաև՝ Չինաստանում, եթե դրանք վտանգավոր լինեին, ապա այնտեղ չէին կառուցվի։ Հետևաբար՝ կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ԵՄ գործընկերների համար պատասխաններ կգտնեն»։