Լեհաստանի Սեյմը հաստատեց նոր կառավարությունը՝ վարչապետ Մորավեցկու գլխավորությամբ
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել է վարչապետ Մատեուշ Մորավեցկու գլխավորած նոր կառավարության հաստատման օգտին: Նախարարների նորացված կաբինետին վստահություն են հայտնել 243 պատգամավորներ, դեմ են արտահայտվել 192-ը:
Անցած շաբաթ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ընդունեց վարչապետ Բեատա Շիդլոյի հրաժարականը ամբողջ կառավարության հետ միասին, որն աշխատում էր 2015 թվականի աշնանից խորհրդարանական ընտրություններում կառավարող «Օրենք եւ արդարություն» կուսակցության հաղթանակից հետո, եւ նրա տեղում առաջարկեց փոխվարչապետ, ֆինանսների եւ զարգացման նախարար Մորավեցկուն: Դեկտեմբերի 11-ին նա պետության ղեկավարին նախարարների կաբինետը ներկայացրել է նախկին կազմով:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Մորավեցկին ինքը, կառավարության կազմում լուրջ վերադասավորումներ առայժմ չեն պլանավորված: Հանգուցային պաշտոններում կմնան նույն այն նախարարները, որնք եղել են Շիդլոյի օրոք: Կառավարության նախկին ղեկավարն ինքը կդառնա փոխվարչապետ եւ պատասխանատու կլինի սոցիալական քաղաքականության համար:
Դեկտեմբերի 12-ին Մորավեցկին ծրագրային ճառով հանդես է եկել խորհրդարանում: Նա հայտարարել է, որ նախարարների կաբինետը շարունակելու է կուսակցության սոցիալական կողմնորոշում ունեցող ծրագիրը, ինչպես նաեւ շեշտը դնելու է տնտեսական զարգացման վրա: Նա միջազգային ասպարեզում Լեհաստանի գլխավոր դաշանկիցներն է համարել ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն՝ հանդես գալով Վիշեգրադյան խմբի, ինչպես նաւե Ուկրաինայի, Վրաստանի ու Լիտվայի հետ համագործակցության ընդլայնման օգտին, եթե նրանք նույնպես քայլ անեն երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: